Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին և կոչվում է Միջինք: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Պասի մեջ գտնվող հավատացյալները շարունակում են պահել պահքը: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա: 

 

Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի' Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած' Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները' հավուր պատշաճի:

 

Մեծ պահք պահող ընթերցողներին ենք ներկայացնում նաև պահոց բաղարջի բաղադրատոմս: Միջինքի բաղարջ (Տապլա) պատրաստելու համար հարկավոր է 1 կգ ալյուր, 100 գր. մեղր, 150 գր ձեթ, 200 գր ջուր, 12 գր սոդա, 20 գր աղ: Բարձրորակ ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու, պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել հանգստանալու 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում կարելի է դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5 սմ հաստության կլոր շերտով, կողքերը կսմթելով նախշել, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել թոնրում կամ փռում: Մատուցում են ընթրիքին, այն բաժանում են ընտանիքի անդամների թվով կտորների: