Հայաստանում գրանցված ՄԻԱՎ վարակով հիվանդների մոտ 62 տոկոսը 2012 թվականին կազմել են արտերկրում վարակվածները, մոտ 20 տոկոսը' նրանց զուգընկերները: Դեպքերի ավելի քան 80 տոկոսում առկա է միգրացիայի գործոնը: Այս ցուցանիշն է արձանագրել 2012-2014 թվականներին իրականացված «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելման ու ազդեցության նվազեցման ուղղված երկրների համագործակցություն» ծրագիրը, որի ամփոփիչ համաժողովը տեղի ունեցավ մարտի 26-ին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: Լրագրողների հետ զրույցում Հայաստանում ծրագրի համակարգող Անուշ Սահակյանը նշեց, որ այսօր «Վորլդ վիժն Հայաստանը» և «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը ամփոփում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որն իրականացվել է Հարավային Կովկասի երեք երկրներում' Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Համաձայն ծրագրի արդյունքների' Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը տարբերվում են միմյանցից ՄԻԱՎ համաճարակի առումով: ՄԻԱՎ-ն էական առողջական խնդիր է Ռուսաստանում, մինչդեռ մյուս երկրներում ՄԻԱՎ-ի տարածվածությունը և հիվանդացությունն ավելի ցածր է:

 

«Ծրագրի նպատակն էր ամրապնդել պետական հաստատությունների, հասարակական կազամակերպությունների համագործակցությունը, ինչպես նաև բարելավել արտագնա աշխատանքի մեկնողներին ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիությունը»,- հայտնեց Սահակյանը:

 

Նրա տեղեկացմամբ' ծրագրի շրջանակում բազմաթիվ հանրային քարոզարշավներ, հանդիպումներ են տեղի ունեցել Գավառի և Ստեփանավանի 14 համայնքներում, որտեղ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը բարձր է:

 

«ՄԻԱՎ վարակն այնպիսի վարակ է, որը երկարատև է, ընթանում է առանց ախտանշանների, մինչդեռ ՄԻԱՎ վարակակիրները պետք է անցնեն հետազոտություն' իմանալով իրենց կարգավիճակը վաղ շրջանում»,- պարզաբանեց ծրագրի համակարգողը:

 

«Երկու տարվա ընթացքում իրականացվել են թե’ հանրային իրազեկման, թե’ շահերի պաշտպանության միջոցառումներ: Մենք փորձել ենք համագործակցության դաշտ ստեղծել առողջապակահական կառույցների հետ, որպեսզի մարդկանց մոտ վերանա վախի զգացումը»,-ասաց «Վորլդ վիժն Հայաստանի» Լոռու մարզային զարգացման ղեկավար Արմեն Բեժանյանը:

 

Նա նշեց, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ ծառայությունների որակը լավացնելու նպատակով կազմակերպվել են դասընթացներ նաև Գեղարքունիքի մարզի բժիշկների համար' ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության թեմայով:

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշեց, որ կենտրոնը եղել է «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելման ու ազդեցության նվազեցման ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի մշակման ակունքներում:

 

«Կենտրոնն ակտիվ մասնակից է' տրամադրելով խորհրդատուներ, մասնագետներ, դասավանդողներ, ինչպես նաև տրամադրելով տեխնիկական աջակցություն և մեթոդական օգնություն' ծրագրի իրականացման ողջ ընթացքում»,- ասաց Գրիգորյանը:

 

Ծրագրի արդյունքներով, Ռուսաստանում, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը կազմում է 1 տոկոս, ներկայումս 2 միլիոն մարդ է հյուրընկալվում Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից, որտեղ ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի անցնում 0.1 տոկոսը: Արձանագրված խնդիրների թվում է այն, որ միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ առկա է տեղեկացվածության ցածր մակարդակ:

 

Ծրագրի նախաձեռնողներն առաջարկում են նախագծել լավ պլանավորված ծրագրեր միգրանտներ ուղարկող կամ ընդունող երկրներում, որոնք միտված կլինեն տեղաշարժվող խմբերի իրազեկվածության բարձրացմանը: «Հարավային Կովկասի երկրներում և ՌԴ-ում ՄԻԱՎ-ի կանխարգելման ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի շրջանակում տպագրվել են տեղեկատվական նյութեր' ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմայով: Նկարահանվել են «Հեռու և մոտ վտանգը» ֆիլմը և գովազդային հոլովակ, որոնք հեռարձակվել են տեղական հեռուստաալիքներով: