Սիրիական լրատվամիջոցներն անդրադարձել են Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին, հայերի տեղահանումներին, Լաթաքիայում հաստատված քեսաբահայերի խնդիրներին ու իրենց ռեպորտաժներում անդրադարձ կատարում նաև 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանությանը: Սիրիացի լրագրողները մարտի 26-ին եղել են Լաթաքիայում, մասնակցել այնտեղ հանգրվանած քեսաբահայերի հետ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հանդիպմանը:
Տեսանյութում քեսաբահայերը պատմում են՝ ինչպես են հեռացել իրենց բնակավայրերից: Կատարված իրադարձությունները բոլորը կապում են ցեղասպանության հետ, մի տարբերությամբ, որ այսօր նույն ոճիրն իրագործում է Էրդողանի կառավարությունը: Բոլորը հուսով են, որ կվերադառնան իրենց տները և կշենացնեն Քեսաբը:
Հայաստանի պատգամավորները' Լևոն Մարտիրոսյանը և Սամվել Ֆարմանյանը, Սիրիական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել են, որ Քեսաբում տեղի ունեցածը կարելի է զուգադրել Հայոց ցեղասպանության հետ՝ ավելացնելով, որ Հայաստանը ցանկանում է, որ Սիրիայում վերահաստատվի խաղաղությունը և անվտանգությունը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ ենհաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածինեկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ՝ Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, ՆաիրաԿարապետյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը և Լևոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա՝ տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբքաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն ստեղծված իրավիճակը: