Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությունը ճիշտ քվեարկություն էր: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցնների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

 

Վերջինիս կարծիքով՝ ոչ մի տարբերություն չկա «դեմ»-ի և «ձեռնպահ»-ի միջև: «Դեմ»-ով Հայաստանն ավելի հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը: Ես ավելի շատ «դեմ»-ին եմ կողմ, միանշանակ կարելի է ասել' կամ այս կողմ ես, կամ այն կողմ»,-ասաց Ռուստամյանը։

 

«Հայաստանը չի կարող դեմ լինել այն հանրաքվեին, որ իսկապես եղել է ժողովրդի կամքի արտահայտում։ Չի կարող ժողովրդի երկու հատվածները ստիպողաբար միացվեն, ո՞ւմ համար է կասկածելի, որ 75% ռուսներ են ապրում Ղրիմում, ի՞նչ է նշանակում, ռուսները չե՞ն ուզում միանալ ռուների հետ: Այդ նույն ժողովրդավար կառույցները պետք է հասկանան, որ ժողովրդի կամքին հակառակ լուծումներ չպետք է գտնեն»,-ասաց Ռուստամյանը՝ վստահություն հայտնելով, որ այդ երկրները ժամանակի ընթացքում իրենց տեսակետը փոխելու են, ինչպես եղել է ռուս-վրացական պատերազմի ժամանակ։

 

«Մնացածը քաղաքական շահեր են, որը բերել է երկարկի ստանդարտների կիրառում։ Այդ նույն 100 երկրները, որոնք դեմ են եղել, ինչպես են բացատրելու, որ Կոսովոյին կողմ են եղել, իսկ Ղրիմին դեմ։ Ինչո՞ւ, որ չի՞ բխում իրենց շահերից»,-ասաց նա:

 

Արմեն Ռուստամյանը նշեց, որ ինքը դեմ է Ղարաբաղի ու Ղրիմի նույնացմանը, «բայց ազատ կամքի դրսևորումն ու ինքնորոշման իրացումը չենք կարող ասել' սխալ է»,-նշեց նա։