The Guardian-ը հետևյալ խորագրով է սկսում իր գլխավոր հոդվածը. «Բորիս Բերեզովսկին դեպրեսիայի մեջ է ընկել' իր և ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի միջև ծագած դատական գործընթացից հետո»: «Բերեզովսկին կարծում էր, որ այժմ ինքը դատապարտված է աղքատության, քանի որ իր վրա դրված էին մեծ իրավաբանական ծախսեր, որոշ տեղեկությունների համաձայն' մոտ 100 մլն ֆունտ»,- գրում է լրագրող Իեն Կոբեինը:

 

Ըստ ընկերների, բարեկամների, հարազատների, աշխատակիցների և գործընկերների վկայությունների' 67- ամյա Բերեզովսկին վերջին ժամանակներում ստեղծում էր մի տղամարդու կերպար, ով կանգնած էր և ֆինանսական, և հոգեբանական փլուզման եզրին. մարդ, ով կարծում էր, որ իրեն ոչինչ չի մնացել, հանուն որի արժե ապրել, քանի որ նա կորցրել է ոչ միայն հարստությունը, այլև իշխանությունն ու ազդեցությունը»:

 

Ավի Նավաման՝ նրա թիկնապահը, վկայությունների ընթացքում ասել է, որ ջարդելով բաղնիքի դուռը, նա հայտնաբերել է մահացած Բերեզովսկիին՝ իր սիրած շարֆը վզին փաթաթած: «Նավաման համաձայնվեց դատաքննիչ Պիտեր Բեդֆորդի խոսքերին, որ լոգարանում գտնված դին Բերեզովսկիի մարմինն էր, իսկ այն պնդումները, որ մեծահարուստի մահը կեղծված և սցենարային նախապատրաստում ունի՝ պարզապես անհեթեթություն է»,-նշվում է հոդվածում:

 

Բերեզովսկիի թիկնապահն ասում էր, որ նրա գործատուն հաճախ էր խոսում ինքնասպանության մասին և ոչ միայն նրա, այլ շատ մարդկանց հետ:

 

Մեծահարուստի հարազատներն ասել են, որ մահվանից որոշ ժամանակ առաջ, նա կարծես թե վերականգնել էր իր հոգեկան վիճակը:

 

Բերեզովսկիի տղան՝ Արտյոմը, հայտնել է, որ իր հայրն ընդունում էր հակադեպրեսանտներ և հաճախ էր դիմում հոգեբույժի օգնությանը, բայց մահվանից մի քանի օր առաջ դադարել էր դեղորայք ընդունելուց' պատճառաբանելով՝ որ դրանք առաջացնում են լյարդի խնդիրներ:

 

Սաիդ Իսլամը, ով Բերեզովսկիի հոգեբույժն էր և բուժում էր նրան «մահացու կլինիկական դեպրեսիայից», հայտնում է, որ իր հիվանդի կյանքում ստեղծված դատական գործընթացների հետևանքով առաջացած հոգեբանական և ֆիզիկական ճգնաժամը հանգեցրել է ճնշման հետ կապված բարդ խնդիրների. «Նա ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ մի ուղի չէր գտնում»,-ասում է հոգեբույժը:

 

«Բորիս Բերեզովսկին «կոտրվեց», երբ տանուլ տվեց իր և «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի միջև տեղի ունեցած դատական հայցը: Այսպիսի վերնագիր է տալիս իր հոդվածին The Times-ը: Իր կյանքի վերջին ամիսների ընթացքում Բերեզովսկիի պարտքերը հասնում էր մոտ 200 մլն ֆունտի, այս մասին հաստատում է The Times-ի էր լրագրող Ալեքս Սպենսը:

 

«Վլադիմիր Գուսինսկին' մեկ այլ վտարանդի օլիգարխ», հետաքննության ընթացքում ասել է, որ Բերեզովսկին ուներ այնպիսի զգացողություն, որ «այլևս ներգրավված չէ խաղի մեջ և մոլորվել է ճանապարհին»,-ասվում է հոդվածում:

 

Բերեզովսկիի բարեկամներին տված հարցումների հիման վրա, նրանք շարունակում են շատ թերահավատորեն մոտենալ ինքնասպանության տարբերակին:

 

Ըստ Բերեզովսկիի նախկին կնոջ՝ Գալինա Բաշարովիի, իր նախկին ամուսինը պատրաստվում էր գնալ Իսրայել և խոսում էր այդ մասին մեծ ուրախությամբ. «Ես չեմ կարող հավատալ, որ նա ինքնասպան է եղել: Նա այդպիսին չէ»,-ավելացրել է Բաշարովան:

 

Independent-ի հոդվածի վերնագիրն ամենայուրօրինակն է. «Ռուս վտարանդի-օլիգարխն ինքնասպանության տրամադրություններով էր շրջապատված' Ռոման Աբրամովիչի դեմ սկսված ճակատամարտում պարտվելու համար»:

 

Մահանալուց ժամեր առաջ Բերեզովսկին զրուցել է Forbes հանդեսի թղթակցի հետ' ասելով, որ այլևս չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ և ապրելու իմաստ չի տեսնում։

 

«Ես չգիտեմ' ինչ անել։ Ես 67 տարեկան եմ և չեմ պատկերացնում' ինչ անել հետագայում։ Ես իդեալիստական պատկերացում եմ ունեցել Ռուսաստանում դեմոկրատիա կառուցելու վերաբերյալ և իդեալիստական պատկերացում եմ ունեցել Եվրոպայի դեմոկրատիայի մասին։ Ես թերագնահատել եմ Ռուսաստանի դանդաղկոտությունը և խիստ գերագնահատել եմ Արևմուտքը»,-խոստովանել է Բերեզովսկին։

 

67-ամյա Բերեզովսկու մահվան կապակցությամբ հետաքննություն սկսելու մասին ոստիկանությունը հայտարարել էր մեկ տարի առաջ: Այս ընթացքում կատարվել է թունաբանական փորձաքննություն և հավաքվել էին ապացույցներ, որոնք պետք է հստակեցնեին օլիգարխի մահվան հանգամանքները, բայց դեռ ոչ մի կոնկրետ եզրահանգում չկա: