Թուրքիայում մարտի 30-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար կհանդիսանան անցյալ ամռանը ժողովրդի աջակցությամբ Գեզի այգու բողոքներից եւ ապօրինությունների հետաքննություններից հետո առաջին եւ վերջին քննությունը: Այսպես է մեկնաբանում նախընտրական Թուրքիայում ստեղծված իրավիճակը անգլիական The Economist-ը' նշելով, որ գնալով ավելի «ավտոկրատ» առաջնորդ դարձած Էրդողանն իր որդեգրած հակադեմոկրատական գործելաոճով սկսել է վնաս հասցնել սեփական երկրին:
«2002 թ. «ազդեցիկ ընտրական հաջողությամբ» իշխանության եկած Էրդողանը վերջին երկու տարիներին վերադառնում է ավտորիտար վարչակարգի: Մարտի 30-ի ընտրություններն Էրդողանը վերածել է իր եւ իր գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար հանրաքվեի: Գեզիի բողոքներից եւ դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից հետո այս ընտրությունները վերջին քննությունը կհանդիսանան նրանց համար: Եթե նա հաղթի ընտրություններում, ապա կհայտարարի, որ ժողովուրդն աջակցում է իր ավտոկրատ կառավարմանը, իսկ եթե պարտվի, ապա իշխող կուսակցությունը կպառակտվի:
Էրդողանի 11 տարվա իշխանությունը նաեւ տնտեսական քննություն կհանձնի ընտրություններում: Չնայած Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի լավատեսությանը, Արժույթի միջազգային հիմնադրամը պնդում է, որ Թուրքիայի տնտեսական աճը 7 տոկոսից ընկել է 3 տոկոսի, գործազրկությունը երկրում աճել է, թուրքական լիրան դոլարի դիմաց 24 տոկոսով անկում է ապրել, ինչի հետեւանքով արժեզրկումը Թուրքիայում աճել է:
Անորոշ է նաեւ Էրդողանի կառավարության քաղաքական ուղղությունը, ինչն ամենակարեւորն է: Թուրքիայի Եվրամիության հարցերով նոր նախարարը հայտարարում է, որ 2014 թ. ԵՄ տարի է լինելու, այն դեպքում, երբ Եվրոպական միությանն երկրի անդամակցությանը ժողովրդի աջակցությունը 70 տոկոսից ընկել է 40 տոկոսի: ԵՄ հետ Թուրքիայի բանակցությունները դադարել են, եւ հաշվի առնելով այն, որ Էրդողանի հետաքրքրությունը ԵՄ հարցում գրեթե վերացել է, դժվար թե դրանք վերսկսվեն: Խոսում են նաեւ ՆԱՏՕ-ի հարցում Թուրքիայի կողմից օտարացման գնալու մասին:
Այսքանից հետո ինչ՞ կարող է անել Էրդողանը: Նվազել է նաեւ օգոստոսին նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրվելու նրա շանսը: Իհարկե, նա կարող է հաջողել եւ մեկ ժամկետ եւս վարչապետ մնալ, սակայն դա կմեծացնի ավտոկրատ լինելու մեղադրանքով նրա նկատմամբ քննադատությունները: Ինչպես երեւում է' Էրդողանը հայտնվել է անելանելի վիճակում: Եթե նա կարողանա ելք գտնել, դա լավ կլինի երկրի համար», -գրում է անգլիական թերթը: