Մամուլում լուրեր են տարածվել, որ այս տարվա հուլիսի 1-ից ՌԴ-ում ավելի քան 4 տոկոսով թանկանալու է գազի սակագինը: Քանի որ Հայաստան մատակարարվող գազի գինը փոխկապակցված է ՌԴ Օրենբուրգի մարզի գազի սակագնի հետ, ըստ այդմ, ենթադրվում է, որ դա պետք է հանգեցնի նաև ՀՀ-ում գազի թանկացմանը:
Լուրեր.com-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ, ով նշեց, որ այս իրավիճակից ելնելով, Ռուսաստանը հիմքեր ունենա' գազը չորս տոկոսով թանկացնելու, այնուամենայնիվ, անկախ պայմանագրից, պետք է, որ փոփոխություններ չմտցնի Հայաստանում գազի գնի մեջ:
«Հակված եմ մտածելու, որ Հայաստանում գազի գնի կտրվածքով փոփոխություններ չեն մտցնի: Այդ մասին, դեռ քննարկումներ էլ չկան, կանխատեսումները կարող են անհեռանկարային լինել:
Հայաստանն ակնհայտորեն շատ փոքր ծավալներով գազ է սպառում, ինչի արդյունքում հնարավոր է, որ Ռուսաստանը' ելնելով ամենատարբեր իրավիճակներից, մասնավորապես, ռազմավարական գործընկերությունից' ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանի դեմ քվեարկելուց, հնարավոր է, որ Հայաստանում գազը չթանկանա:
Ես ուզում եմ մտածել, որ ռուսական կողմից տրամաբանական կլինի Հայաստանի Հանրապետությունում սպառողների համար լրացուցիչ դժվարություններ չստեղծել»,- նշեց Բոստանջյանը:
Վերջինիս խոսքով' եթե անգամ Ռուսաստանը գազը սահմանին թանկացնի, և այժմյան 189 դոլարի փոխարեն, օրինակ, դառնա 200 դոլար, ապա միևնույնն է' Հայաստանը կարող է իր նախաձեռնությամբ գազը չթանկացնել:
«Մենք ունենք մեծ ռեզերվներ և Հայաստանն ունի հնարավորություն' գազն իր նախաձեռնությամբ չթանկացնելու:
Մեզ մոտ անհանգստության առիթ էր տալիս այն, թե ոնց կարող էր սահմանին 189 դոլարով վաճառվող գազը, սպառողին տրամադրվել 400 դոլարով, սա գերշահույթից էլ գերշահույթ է, որը դեռևս որևէ կերպ պարզված և բացահայտված չէ:
Որևէ տրամաբանությամբ, գազը Հայաստանում չպետք է թանկանա»,- ասաց Բոստանջյանը: