ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, ըստ որի' Ղրիմում անցկացված հանրաքվեն պետք է ճանաչվի անօրինական:
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին: Ուկրաինայի ներկայացրած այդ բանաձևը անօրինական է համարում Ղրիմի հանրաքվեն և Ռուսաստանի կողմից դրա' իրեն միացումը: Առաջինի հետ կապված մենք, իհարկե, չենք կարող կողմ լինել, որովհետև պաշտպանում ենք ժողովուրդների կամարտահայտության իրավունքը: Մյուս կողմից, մենք չենք կարող դեմ լինել երկրորդ կետին , քանի որ ինքներս Ղարաբաղում անցկացված հանրաքվեից հետո արդեն 23 տարի է՝ շարունակում ենք բանակցել Ադրբեջանի հետ: Այս երկուսի դրույթները հուշում են, որ պետք էր ձեռնպահ քվեարկել՝ դրանով ընդգծելով մեր սկզբունքային լինելը»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, ձայների մեծամասնությամբ, կողմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով անօրինական է ճանաչվում Ղրիմում անցկացված հանրաքվեն:
Բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը, որոնց թվում է նաև Հայաստանը: Դեմ են քվեարկել նաև Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: