Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության որևէ ներկայացուցիչ չի տարածել տեղեկություններ, թե Հայաստանը Ղրիմի հարցով ՄԱԿ-ի բանաձևին ձեռնպահ է քվեարկելու: Հայաստանը մշտապես կողմնակից է ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների չհակադրմանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ ինչո՞ւ է տեղեկություն տարածվել, թե Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու Ղրիմի հարցով ՄԱԿ-ի բանաձևին: «Ես դա ձեզ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ ԱԳՆ որևէ ներկայացուցչի շուրթերից այդպիսի բան չի հնչել»,- ասաց Քոչարյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ Հայաստանը մշտապես դեմ է եղել տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձականացնելուն եւ գերակայություն տալուն: «Նորանկախ Հայաստանի ձևավորման առաջին օրից մենք միշտ դեմ ենք եղել ցանկացած ոտձգությանը, երբ փորձ է կատարվել տարածքային ամբողջականության սկզբունքը ամբողջականացնել, բացարձականացնել և հակադրել ինքնորոշման իրավունքին»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ձեռնպահ քվեարկելը կնշանակեր անտարբերություն: «Իսկ դեմը հենց նշանակում է, որ դու դեմ ես, որպեսզի տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձականացվի: Մեր հետևողական մոտեցումը միշտ եղել է, կա և կմնա այդպիսին»,- նշեց փոխարտգործնախարարը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով քվեարկության նախօրեին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, թե իբր Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու այդ բանաձևին: