Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան), ով Twitter միկրոբլոգում ունի ավելի քան 2 միլիոն հետեւորդ, անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղում տեղի ունեցող իրադարձություններին' խնդրելով պարզել, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ: «Խնդրում եմ պարզեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Քեսաբում: Անմեղ քրիստոնյաներին, հայերին թուրքերը սպանում են»,-գրել է երգչուհին:

 

Քեսաբի դեպքերը մեծ արձագանք են ստացել տարբեր սոցիալական ցանցերում: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղում միջազգային հանրությանը' ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: Կոչերից անմասն չի մնացել նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ, ազգությամբ թուրք Նուրի Շահինը, ով Facebook սոցիալական ցանցում տեղադրել է Քեսաբի փրկության համար ամենատարածված հեշթեգը'#SaveKessab:

 

Հայկական ծագումով ամերիկացի շոումեն, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանն էլ թվիթերյան միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Եթե դուք չգիտեք, թե ինչ է կատարվում Քեսաբում, խնդրում եմ փնտրեք Google–ում. սա ողբերգություն է: Ես հայ եմ, մանուկ հասակում ես շատ եմ լսել նմանատիպ ցավալի պատմություններ»: Այնուհետև Քարդաշյանը հավելել է. «Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»: Մեկ այլ գրառման մեջ Քարդաշյանը նշել է. «Ես աղոթում եմ բոլորի համար»:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկ ի կազմակերպության հետբնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:

 

Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ հայտարարությունները հակասական են: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը' Հաագայում, Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա' տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: Նրանց ընդունել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը: