Ֆրանսիայի նոր կառավարության կազմը՝ Մանուել Վալսի գլխավորությամբ, կհայտարարվի ապրիլի 2-ի առավոտյան, նախարարների կաբինետի առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին: Այդ մասին ապրիլի 1-ին հաղորդել Է BFMTV լրատվական հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանությանը մոտ կանգնած աղբյուրներ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կառավարող Սոցիալիստական կուսակցության պարտությունից հետո որոշում Է ընդունել վերադասավորումներ կատարել կառավարության կազմում եւ նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումը հանձնարարել Է 51-ամյա Մանուել Վալսին, որը մինչ այժմ զբաղեցնում Էր ներքին գործերի նախարարի պաշտոնը:

ՌԻԱ Նովոստին նշում Է, որ ապրիլի 1-ին Վալսն ակտիվ կոնսուլտացիաներ Է անցկացնում գործընկերների հետ: Առաջինը նա հրավիրել Է պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանին՝ Օլանդի առավել մերձավոր կողմնակիցներից մեկին, որին, աղբյուրի խոսքով, Վալսն առաջարկել Է աշխատանքի անցնել ներքին գործերի նախարարությունում:

Դրանից հետո Վալսը հանդիպում Է անցկացրել «կանաչների» կուսակցության՝ սոցիալիստների դաշնակիցների ներկայացուցիչների հետ, որոնց հետ հարաբերությունները վերջին ժամանակներս բավականին լարված են: Առայժմ հայտնի չԷ, թե նրանք կհամաձայնեն արդյոք նոր կառավարության մաս կազմել:

Փորձագետները նաեւ խոսում են կառավարության պաշտոններից մեկում Օլանդի նախկին քաղաքացիական կնոջ՝ Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Սեգոլեն Ռուայալի, հնարավոր նշանակման մասին:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկու նախարարներ՝ Սեսիլ Դյուֆլոն եւ Պասկալ Կանֆենը, որոնք պատկանում են «Եվրոպա: Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությանը, մտադիր չեն շարունակել աշխատանքը երկրի կառավարությունում:

Դյուֆլոն, որն զբաղեցնում է մարզերի հավասարության եւ բնակարանային քաղաքականության նախարարի պաշտոնը, եւ Կանֆենը, որը Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությանն առընթեր նախարար է, այն կարծիքին են, թե այն գաղափարները, որոնցով Վալսը վերջին տարիներին առաջնորդվում է իր քաղաքական կարիերայում, ֆրանսիական հասարակության հիմնախնդիրների ադեկվատ լուծում չեն:

«Մենք գտնում ենք, որ պետք է սկսվի նոր քաղաքական շրջափուլ. ինովացիոն որոշումների մշակումը չի կարող տեղի ունենալ դիմակների պարզ փոփոխմամբ՝ անփոփոխ թողնելով մնացած պայմանները»,- նախարարների հայտարարությունը մեջբերել է France Presse գործակալությունը:

Իր հերթին, ծայրահեղ աջ Ազգային ճակատի նախագահ Մարին լե Պենը հայտարարել է, որ նույնիսկ Վալսին կառավարության ղեկավար նշանակելը հազիվ թե Ֆրանսիայի քաղաքականությունը շեղի խնայողության քաղաքականությունից: Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում անհրաժեշտ է ոչ թե կառավարության վերակազմում, այլ իշխանությունների քաղաքականության արմատական շրջադարձ: Լե Պենն այն կարծիքին է, որ ֆրանսիացիները ցանկանում են «Եվրոպայի կողմից պարտադրված խիստ խնայողության ռեժիմի դադարեցում, որը հարվածում է առավել անապահով քաղաքացիներին, միջին դասին, թոշակառուներին ու ընտանիքներին», մինչդեռ քաղաքական շրջադարձի փոխարեն տեսնում են միայն «անհատների փոխարինում»: