Կառավարությունն այսօր որոշում ընդունեց շարունակել իր ծրագիրը, համաձայն որի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014 թվականի համար սահմանվում է ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացները ընթացիկ տարում պահանջում են մատչելի վարկային միջոցներ, որոնց ապահովմանն է ուղղված ներկայացված որոշման նախագիծը»,- ասաց գյուղնախարարը:
Հարցը ներկայացնելուց հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս և նմանատիպ այլ ծրագրերը պետք է շատ ակտիվ կերպով ներկայացնեն:
«Տեղեկատվական դաշտում ես նկատում եմ, որ մարդիկ 2 կոպեկ փող են ծախսում' գյուղացիներին օգնելու համար, բայց 200 մլն ծախսում են իրենց PR-ի համար: Լավ իրենց PR-ն անում են, ջհանդամ, կառավարությանն ինչո՞ւ են վարկաբեկում, որ կառավարությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերում գյուղացուն: Սա ինչ խայտառակություն է: Դրա համար մենք պետք է ակտիվ լինենք, այս ծրագրերը ներկայացնենք, կոնկրետ այն տնտեսությունները ներկայացնենք, որոնք այս օժանդակությունն ստանում են: Ակնհայտ է, որ մենք հարյուրապատիկ անգամ ավելի ենք տալիս, քան «բարեգործները», որ գիշեր-ցերեկ իրենց PR-ի մասին են մենակ մտածում»,-ասաց վարչապետը: