Հայերը կրկին ստիպված են լքել իրենց տները, որովհետև Թուրքիան միջամտում է պատերազմից քայքայված երկրի ներքին գործերին: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփայերը ապրիլի 2-ին թուրքական հակահայկական գործողությունները քննադատող հայտարարություն է տարածել' անդրադառնալով Քեսաբի վրա կատարված հարձակումներին:

 

«Հայերը կրկին ստիպված են լքել իրենց տները, քանզի սիրիական պատերազմը շարունակում է մոլեգնել, իսկ Թուրքիան միջամտում է պատերազմից քայքայված երկրի ներքին գործերին: Քեսաբ փոքր քաղաքը ապահով հանգրվան էր այս քրիստոնյա համայնքի համար, բայց այժմ նրանց ապագան անորոշ է, քանզի նրանք ստիպված են գաղթել' առանց իմանալու արդյոք ի վիճակի կլինե՞ն երբևէ վերադառնալ իրենց տները: Ո՛չ ոք պետք է չապրի վախի մեջ կամ լքի իր տունը իր դավանած կրոնի համար: Հակահայկական բռնություններն իրական վտանգ են ներկայացնում, բայց աշխարհի մեծ հատվածը ուրանում է դա: Մենք պետ ք է դադարենք «աչք փակել» ճշմարտության վրա, Հայոց ցեղասպանությունից ի վեր' մոտ հարյուր տարի, շարունակվում են գրոհներն այս քրիստոնյաների դեմ: Միացյալ Նահանգները պետք է պաշտոնապես հարցումներ անի Թուրքիայի դերակատարման մասին և թե արդյոք դա «Ալ- Քաիդային» առընթեր ագրեսիա՞ է»,- ասվում է կոնգրեսականի հայտարարության մեջ:

 

Մարտի 21-ին թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաշատ Քեսաբ քաղաքի վրա հարձակումը և գրավումը, որ հայկական սփյուռքին հիշեցնում են Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ. քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում' հայերի ցեղասպանության մասին, դատապարտել են միջազգային կառույցներ, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը' ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: #SaveKessab հեշթեգը վերջին օրերին լայնորեն տարածվել է սոցցանցերում' միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ ողբերգական իրադարձությունների վրա: Դժբախտաբար, հեշթեգը շահագործվել է նաև Քեսաբի իրադարձությունների մասին ապատեղեկատվություն տարածելու համար:

 

Սիրիայի պատմական քրիստոնեական հայկական շրջանը' Քեսաբը հարձակման է ենթարկվել: Թուրքիան թույլատրել է օտարերկրյա գրոհայիններին հատել իր սահմանն ու հարձակվել խաղաղ բնակչության վրա: Քեսաբահայությունը տարհանվել է սեփական ուժերով ու հաստատվել Լաթաքիայում: Զոհեր չեն եղել: Գրոհայիննե րը գրավել են Քեսաբը, յուրացրել տեղի բնակչության ունեցվածքը, տներն ու եկեղեցին:

 

Քեսաբահայությունը ցանկանում է վերադառնալ իր բնակավայրն ու շենացնել այն: