«Դ!եմ եմ» նախաձեռնությունը դեռևս չի ցանկանում մտնել կառուցողական երկխոսության դաշտ: «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը, ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերին' մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգի օրենսդրական փաթեթի կատարելագործման աշխատանքներին, նշեց, որ իրենք օրենսդիր և գործադիր իշխանություն չեն: «Այսինքն, մենք չենք պատրաստվում ոչ օրենսդիրի գործ անել, ոչ գործադիրի: Այն, ինչ մենք անում ենք, դա հանրության ձայնը լսելի դարձնելն է»,- ասաց նախաձեռնության անդամը՝ հավելելով, որ իրենց ոչ ոք երկխոսելու լիազորություն չի տվել և իրենք օրենք մշակող չեն: Նա հայտնեց, որ առաջիկայում սահմանադրական որոշման հետ կապված նախաձեռնությունը կհրավիրի մամուլի ասուլիս:
Նախաձեռնության անդամ Վահագն Ավագյանը նշեց, որ իրենք պատրաստ են երկխոսության կառավարության հետ այն ժամակակ, երբ բավարարվի պարտադիրի վերացման իրենց պահանջը: «Եթե չի բավարարվելու այդ պահանջը, մենք երկխոսության իմաստը չենք տեսնում»,- նշեց Ավագյանը:
Ավելի վաղ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի մեկնարկին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու օրենքի կատարելագործմանը: «Բացառիկ հնարավորություն է նաև քաղաքացիական հասարակության համար մեզ հետ մասնակցել օրենսդրական այս փոփոխությունների մշակմանը՝ նպատակ ունենալով բարելավել գործող համակարգը: Օրենքն այն տեսքով, որ ընդունվել ԱԺ-ի կողմից և ուժի մեջ մտել հունվարի 1-ից՝ պետք է աշխատի մինչ սեպտեմբերի 30-ը, իսկ մինչ այդ պետք է վերանայենք հակասահմանադրական նորմերը»: