Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նվիրաբերում է իր աշխատավարձը քեսաբահայության աջակցության նպատակով բացված հաշվեհամարին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը' նշելով, որ Արայիկ Հարությունյանի քայլը կարող է օրինակ ծառայել Քեսաբի մեր հայրենակիցներին աջակցության գործում:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանային մի քանի կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին: Տեղեկություններ են հաղորդվել, որ նրանց ունեցվածքը թալանվել և Թուրքիա է տարվել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է հղել հայրենաբնակ և սփյուռքահայ բոլոր անհատներին և կազմակերպություններին բարոյական և նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը և բացել է հաշվեհամար: Նվիրատվությունները հնարավոր է ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին' 247010003090 (ՀՀ դրամ), 247010003090/0001 (ԱՄՆ դոլար), SWIFT: ASHB AM22: