Հայաստանը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին դեմ է քվեարկալ' ելնելով իր ազգային շահերից և արտաքին քաղաքականությունից։ Այդ մասին segodnya.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Հայաստանը միշտ կողմ է քվեարկել ազգերի ինքնորոշմանը։ Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի հարց: Այնտեղ 1991թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել անկախության հանրաքվե։ Այդ ժամանակ անկախության օգտին քվեարկել էր մասնակիցների 99 տոկոսը։Այդ ժամանակվանից, արդեն 23 տարի Հայաստանն աշխարհին ապացուցում է որոշման օրինականության մասին, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունք է, այլ նպատակ»,-նշել է Մանուկյանը:
Նրա խոսքով' բանաձևին Հայաստանը դեմ է քվեարկել ոչ թե նրա համար, որ մեր երկիրը դեմ է Ուկրաինային: «Մեր երկիրը չի դավաճանել Ուկրաինային: Ուկրաինան մեկ անգամ չէ որ սատարել է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: 2008թ.-ին, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելան քննարկում էր Բաքվի առաջարկած բանաձևը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, Ուկրաինան կողմ քվեարկեց այդ բանաձևին։ Բայց մենք անգամ բողոքի նոտա չհղեցինք Ուկրաինայի ԱԳՆ-ին»,- հիշեցրել է Մանուկյանը։
Միաժամանակ, դեսպանը նշել է, որ պետք չէ ՀՀ-ի քվեարկությյան հարցը կապել Ռուսաստանի հետ։ «Մենք չենք թաքցնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է։ Այո, մենք մեր ապագան տեսնում ենք նրա հետ համագործակցության մեջ և պատրաստվում ենք Մաքսային միություն մտնել, սակայն այդ քվեարկությունը կապ ուներ ազգերի ինքնորոշման վերաբերյալ մեր դիրքորոշման հետ»։
Պատասխանելով հարցին'այդ քվեարկությունն արդյոք ազդել է հայերի և ուկրաինացիների հարաբերությունների վատացման վրա, դեսպանը կարծիք է հայտնել, որևէ խնդիր չի եղել։
«Իհարկե, մարդիկ, որոնք չգիտեն ղարաբաղյան հակամարտության պատմությունը, չեն կարող ճիշտ գնահատական տալ ՄԱԿ-ի քվեարկությանը։ Ցավոք, որոշ ուկրաինական լրատվամիջոցներ հակահայկական քարոզչություն են սկսել։ Դա սխալ է։ Մեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են։ Մենք համատեղ պատմություն ունենք։ Ուկրաինայում մոտ 600 հազար հայ է ապրում։ Այժմ, տեղի ունեցած իրադարձություններից հետո ես ամեն օր հանդիպում եմ մեր համայնքի ներկայացուցիչների հետ և միշտ լսում եմ՝ ուկրաինացիները մեր եղբայրներն են, և մենք Ուկրաինայի կողմից ենք»,-ասել է նա։
Անդրադառնալով Ուկրաինայի նոր իշխանությունների հետ հարաբերություններին' Մանուկյանը նշել է, որ երկկողմ բոլոր հարցերը քննարկվում են այդ երկրի Արտաքին գործերի նախարարության հետ: «Մեր հանդիպումների ընթացքում ես փորձել եմ բացատրել մեր դիրքոումը ՄԱԿ-ի բանաձևի հարցում: Կարծում եմ' Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչներն այն հասկացել են»,- նշել է դեսպանը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Հայաստանը դեմ է քվեարկել նախագծին: