Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել Սիրիայի Քեսաբ բնակավայրում հայերի և ալևիների դեմ իրականացվող ոճրագործությունը դատապարտելու մասին։ Հաղորդագրության մեջ ԵՊՀ Գիտական ընկերությունը դատապարտում է Քեսաբի դեպքերը և իր զորակցությունը հայտնում սիրիահայերին։ «Երևանի պետական համալսարանը դատապարտում է ահաբեկչական խմբավորումների և նրանց աջակցող թուրքական իշխանությունների կողմից Քեսաբի հայերի ու սիրիացի խաղաղ բնակչության դեմ իրականացվող գործողությունները, ինչի արդյունքում ավերվում են բնակավայրեր, տարհանվում են անմեղ մարդիկ, թալանվում է նրանց գույքը, պղծվում են հայկական եկեղեցիները: Մեր զորակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի, մասնավորապես, Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի ու սիրիահայ ազգաբնակչությանը»,- նշված է հայտարարությունում:

 

Ըստ հայտարարության'Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ակնհայտ աջակցությունն ու այլևայլ աղաղակող փաստերն անհերքելի վկայություներն են այն բանի, որ հայատյաց քաղաքականությունը շարունակում է մնալ ցեղասպան պետության համբավ ունեցող Թուրքիայի քաղաքական օրակարգում: Քեսաբի ցավալի իրադարձությունները ցույց են տալիս թուրքական իշխանությունների հայասպան, ցեղասպան, ոճրագործ ու թալանչի պատկերի անփոփոխ լինելը. ողբերգական է հիրավի, որ Օսմանյան կայսրության, իսկ ապա հանրապետական Թուրքիայի ղեկավարումը մշտապես գտնվել և այսօր էլ գտնվում է ազգայնամոլների ձեռքին:

 

Երևանի պետական համալսարանը կոչ է արել հայաստանյան հասարակությանը և համայն հայությանը միավորվել սիրիահայությանն օգնելու գաղափարի շուրջ, միջազգային հանրությանը' դատապարտել Թուրքիայի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը և գործադրելու քաղաքական, տնտեսական, դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցները թուրքական իշխանությունների մարդատյաց քաղաքականության առաջն առնելու համար:

 

Մարտի 21-ին «Ալ Քաիդային» հարող «Ալ Նուսրա ճակատի» հետ կապված «Շամ ալ-Իսլամ» և «Անսար ալ-Շամ» ապստամբները հատել են Թուրքիայի սահմանը և հարձակվել Քեսաբի հայ խաղաղ բնակչության վրա: Գրոհայիններն անմիջապես գրավել են երկու պահակակետերը և իրենց հսկողության տակ առել Թուրքիայի հետ սահմանի անցակետը: Դիպուկահարները թիրախի տակ են առել խաղաղ բնակիչների և կրակ բացել քաղաքի և շրջակա գյուղերի վրա:

 

Հազարավոր հայեր բողոքի ցույցի են դուրս եկել Փարիզում, Սիդնեյում, Անջելեսում և աշխարհի այլ քաղաքներում' այս ասպատակությունների դեմ: