Ինչպես հայտնում է infosmi.ua-ն, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 23-ի գիշերը Սևաստոպոլի տարածքով է լքել երկիրը: Այդ մասին «Shuster Live» հաղորդման ժամանակ հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Վալենտին Նալիվայչենկոն:
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 22-ին, Նալիվայչենկոն և Արսեն Ավակովը Կիևից Սիմֆերոպոլ են մեկնել՝ Յանուկովիչին ձերբակալելու նպատակով, սակայն նախագահի ավտոշարասյունը հասցրել է փոխել իր երթուղին:
«Յանուկովիչին Սևաստոպոլով են դուրս բերել»,-հայտնել է Նալիվայչենկոն:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայում իշխանափոխություն է տեղի ունեցել: Ռադան անվստահություն է հայտնել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է երկրի Սահմանադրությունը, երկրի նախագահի պարտականությունները դրել է խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա և արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել մայիսի 25-ին:
Ավելի վաղ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Յանուկովիչը հայտարարել է, որ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո ստիպված է եղել լքել Ուկրաինան, վերջինս նաև հայտարարել է, որ մնում է Ուկրաինայի օրինական նախագահ: