ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում ոչ ոք չի ցանկանում «սառը պատերազմի» ժամանակների վերադարձը:

 

«ՆԱՏՕ-ում ոչ ոք չի ցանկանում «սառը պատերազմի» ժամանակների վերադարձը, բայց մենք տեսնում ենք՝ ինչպես է Կրեմլը փորձում հետ շրջել ժամանակը եւ Եվրոպան բաժանել ազդեցության նոր ոլորտների»,- գրում է Ռասմուսենը Daily Telegraph թերթի կայքում հրապարակված իր հոդվածում:

 

Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն հարկադրված էր հակազդել Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականությանը: «Ատլանտիկայի երկու կողմում մեր դաշնակիցների շնորհիվ մենք ավելի քան կրկնապատկեցինք Բալթյան երկրների օդային տարածությունը պարեկող կործանիչների թվաքանակը: Մենք Լեհաստանի եւ Ռումինիայի երկինքը պարեկում ենք Awacs ինքնաթիռների օգնությամբ, դաշնակիցները մեծացրել են իրենց ներկայությունը Սեւ ծովում»,- նշել է Ռասմուսենը:

 

Գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է «ցանկացած ժամանակ պաշտպանել ՆԱՏՕ-ի գծով յուրաքանչյուր դաշնակցի»:

 

Ավելի վաղ ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ում գերակշռության են հասնում նրանք, ովքեր ցանկանում են վերադարձնել «սառը պատերազմի» ժամանակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: