ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում աշխատող 150 տղամարդիկ ապրիլի 7-ի առթիվ կանանց շնորհավորելու յուօրինակ տարբերակ էին ընտրել: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ նրանք Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում մասնակցեցին արյունատվության ակցիայի: Բուն արյունատվության ակցիային նախորդեց զարկերակային ճնշման, սրտի աշխատանքի և այլ ցուցանիշներ ստուգող հետազոտությունը, որից հետո Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի անմիջական հսկողության ներքո արյուն վերցրեցին:
Հրայր Թովմասյանը լրագրողներին պատմեց, որ արյան դոնոր է դառնում արդեն երրորդ անգամ: «Մենք ունենք 60-70 hազար կամավոր դոնորի անհրաժեշտություն: Սա մարդասիրական քայլ է, բարոյական պարտք, նաև առողջության պարտադիր բաղադրիչ»,- ասաց Թովմասյանը:
Նրա կարծիքով' հանրապետությունում անկասկած կգտնվեն 60-70 հազար մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն դառնալ արդան կամավոր դոնոր, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դոնորությունը առողջությանը որևէ վնաս չի հասցնում: «Եթե կարողանանք օգնել մի նոր ծնված երեխայի, այրվածնքեր ունեցող մարդու, հղի կնոջ, ապա ես արդեն ուրախ կլիեմ»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը:
Նա պատմեց, որ այս նախաձեռնությունը իրականացնելու գաղափարը Արդարադատության նախարարությունում առաջացել է երկու-երեք օր առաջ, և իրենք ծրագրել էին, որ ացիային կմասնակցի մոտ 30 մարդ, սակայն հետագայում որոշել են ավելի շատ թվով մարդկանց ընդգրկել, քանի որ այդ 30-ից հետազոտություն անցնելուց կարող էին որոշակի հակացուցումներ առաջաանալ և արդյունքում արյան դոնոր դառնալ ընդամենը 5-ը: Պատասխանելով այն հարցին, թե ինչու ակցիան իրականացնելու համար ընտրվեց ապրիլի 7-ը, Թովմասյանը նշեց, որ այն կանանց նաև նման կերպ շնորհավորելու ձև է, որը բացառված չէ, որ հետագայում Արդարադատության նախարարությունում գեղեցիկ ավանդույթ կդառնա:
Սմբատ Դաղբաշյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ուրախալի օր է նաև կենտրոնի աշխատակիցների համար: «Սպասվածից շատ դոնոներ ունեցանք, որովհետև արյուն հանձնել ցանկացողները շատ էին, սակայն արյունատվությունից առաջ դոնորները զննվում են, քանի որ կան շատ հիվանդություններ, որոնք կարող բացառել դոնոր դառնալը»,- նշեց Դաղբաշյանը:
Արյունատվությունից հետո նախարար Թովմասյանը եղավ նաեւ Արյունաբանական կենտրոնի ճաշարանում, ծանոթացավ պայմաններին, տեղում տաք ճաշ համտեսեց, որը, Սմբատ Դաղբաշյանի հավաստմամբ, ՀՀ կառավարության կողմից սահմանվել է յուրաքանչյուր դոնորի համար: Թովմասյանը, համտեսելով կերակուրը, վստահեցրեց, որ այն շատ համեղ է' կատակելով, որ միայն այն համտեսելու համար արժեր դառնալ արյան դոնոր:
Հայաստանում արյունատվության ներկայիս համակարգի պայմաններով' արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում նախ դիմում են հիվանդի հարազատներին, և եթե նրանք ինչ-ինչ պատճառով ի վիճակի չեն արյուն հանձնել, ապա դիմում են նախկինում արյան դոնոր հանդիսացած մարդկանց:
Արյունաբանական կենտրոնում առկա են բավարար քանակությամբ արյան պաշարներ, սակայն դեռևս քիչ է անհատույց դոնորներից հավաքված արյան քանակը, ուստի արյունաբանական կենտրոնը ցանկանում է հնարավորինս ավելացնել անհատույց կամավոր դոնորների թիվը: Այս մոտեցոմն ընդունված է բոլոր երկրներում և երաշխավորվում է ինչպես Եվրախորհրդի, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Տաթևիկ Գրիգորյան