Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը շնորհավորական նամակ է ուղղել Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթ ունեցած Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
«Բոլոր մրցամարտերը գրագետ անցկացնելով' դուք բարձր պահեցիք մեր երկրի եռագույնը, ապացուցեցիք հայկական հունահռոմեական ոճի ըմբշամարտի բարձր կարգը»,-մասնավորապես նշվում է Վարդանյանի նամակում' ուղղված երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանին, մեր թիմի մարզիչներ Լևոն Ջուլֆալակյանին, Գևորգ Ալեքսանյանին և Սամվել Գևորգյանին:
Վարդանյանը նաև բարձր է գնահատել արծաթե մեդալ նվաճած 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի արդյունքը, նշել է, թե ինքը վստահ է, որ հայ ըմբիշները հետագայում ևս իրենց հաղթանակներով ուրախության նոր առիթներ կպարգևեն երկրպագուներին: