«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից ուղեւորահոսքի հետ կապված ուսումնասիրությունը լի է թերություններով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք արտահայտեց Տրանսպորտի սակագնի հարցով ստեղծված հանձնաժողովի անդամ, «Իրազեկ պառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

 

Նրա խոսքով' միջազգային փորձագետների կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղաքային տրանսպորտը պետք է շահագործվի 200-250 դրամով, սակայն հանրային տրանսպորտը գերշահույթ է ապահովում անգամ 110 դրամ սակագնի դեպքում: «Փորձագետները հաշվարկել են սակագինը նաև դիզելով մեքենաների դեպքում: Գծատերերը կարող էին դիզելով մեքենաների փոխարեն գազով մեքենաներ բերել, ինչն ավելի էժան է: Ով էր իրենց խնդրել, որ դիզելով մեքենա բերեն»,-ասաց նա:

 

Պիպոյանը նշեց, որ ինստիտուտի կողմից արված հարցումների համաձայն' սեպտեմբեր ամսին ուղևորահոսքն ավելի քիչ է եղել, քան դեկտեմբերին: «Նման բան չի կարող լինել: Դեկտեմբերին օրը կարճ է, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները ժամը 6-7-ից հետո արդեն կանգնած վիճակում են, ինչպես կարող են ուղեւորներն այդ ամսին շատ լինել»,- պարզաբանեց նա:

 

«Իրազեկ պառող» հասարակական կազմակերպության նախագահն ասաց, որ քաղաքացին պետք է ավելի չվճարի անարդյունավետ տրանսպորտով երթեւեկելու դիմաց:

 

Տրանսպորտի սակագնի հարցով ստեղծված հանձնաժողովի վերջին նիստը կայացել է ապրիլի 4-ին: