ԵՄ-ն կարող է սահմանել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի առանձին քաղաքացիների նկատմամբ: Մոտ 100 մարդուց կազմված ցուցակում հայտնվել են որոշ խորհրդարանականներ, Անվտանգության խորհրդի անդամներ, ուժայիններ և լրագրողներ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով "Коммерсантъ"-ը:
Ցուցակում ներառված էր 107 անուն, նշվում է նաև, որ ցուցակի առկայությունը չի նշանակում, որ բոլորի դեմ պարտադիր պատժամիջոցներ կսահմանվեն:
Ըստ աղբյուրի՝ ցուցակը բաժանված է 5 խմբի. առաջին խմբում Դաշնային խորհրդի փոխնախագահներն են՝ Ալեքսանդր Տորշինը և Իլյաս Ումախանովը, ինչպես նաև Պետդումայի խորհրդի ողջ կազմը: Երկրորդ խմբում ՌԴ Անվտանգության խորհրդի անդամներն են, բացի նախագահ Վլադիմիր Պուտինից, վարչապետ Դմիտրի Մեդվեդևից և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից, երրորդ խմբում պաշտպանության նախարարության ուժայիններն են, չորրորդ խմբում՝ գործարարները, իսկ հինգերորդում՝ մեդիակազմակերպություններն ու լրագրողները:
Ավելի վաղ՝ մարտի կեսերին, Reuters գործակալությունը հաղորդել էր, որ ԵՄ-ն կազմել է նախնական ցուցակը՝ 120-130 բարձրաստիճան ռուս պաշտոնյաների անուններով, որոնց նույնպես կվերաբերեին պատժամիջոցները՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված: