ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծով առաջարկում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի: Նախագծում, որը ապրիլի 10-ին հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, նշվում է, որ կառավարման գործող համակարգի պայմաններում առաջադրվող հայեցակարգային մոտեցումների շրջանակներում կատարվելիք հնարավոր փոփոխությունները լիարժեք չեն երաշխավորում մի քանի խնդիրների լուծումը: Որպես խնդիր նշվում է գործադիր իշխանության համակարգային ամբողջականության երաշխավորումը. կիսանախագահական կառավարման համակարգում Հանրապետության Նախագահը գործադիր իշխանության ոլորտում ունենում է չհակակշռված լիազորություններ՝ չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն։ Խնդիր է նաև քաղաքական մենիշխանության հաղթահարումը. Նախագահի, խորհրդարանի և կառավարության քաղաքական միատեղումը գործնականում անիրագործելի է դարձնում սահմանադրական հակակշիռների ու զսպումների համակարգի բնականոն ու արդյունավետ գործողությունը: Նման պարագայում խաթարվում է նաև երկու առաջնային մանդատ ունեցող ինստիտուտների կողմից դատական իշխանության և այլ մարմինների ձևավորման գործում փոխադարձ հավասարակշռման սկզբունքը։ Չի հաղթահարվում պետական իշխանության գերանձնավորման հնարավորությունը՝ սուբյեկտիվիզմի տարաբնույթ դրսևորումներով հանդերձ։ Դա իր հերթին արգելակ է դառնում իշխանությունների իրական բաժանման ու հավասարակշռման համար, ձևավորվում են չհիմնավորված սոցիալական սպասելիքներ: Այն մոտեցումները, որոնք առաջարկվում են կիսանախագահական կառավարման համակարգի պայմաններում Նախագահի' խորհրդարանական մեծամասնություն չունենալու դեպքում հնարավոր հակամարտությունների հաղթահարման և անհրաժեշտ կայունության ապահովման վերաբերյալ, խնդրի լիարժեք լուծում չեն երաշխավորում:
Առաջարկվում է, որ հանրապետության նախագահն ընտրվի Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված Հանրապետության նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորություն- ների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։ Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ։ Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: