Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի 2015 թվականը հռչակել է Հիշատակի տարի Իտալիայում: Ինչպես տեղեկացրեց կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը, արաբական և արևմտյան լրատվամիջոցները ողջունել են «Ասսադակահ» կենտրոնի գլխավոր քարտուղար Ռայմոնդ Շիվոնյեի որոշումը' 2015-ը հռչակելու Հիշողության և գիտակցումի տարի: Արշավը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի վառ հիշատակին: Ինչպես նշեց Թալալ Խրայիսը, վերջերս Սիրիայի հյուսիսում գտնվող Քեսաբ հայաբնակ բնակավայրի վրա իրականացված հարձակումները վերակենդանացրել են Հայոց ցեղասպանության պատմությունը միջազգային հանրության շրջանում:

 

«Չնայած մեդիայում և թերթերում լայնորեն հրապարակված լուրերին' մինչ օրս արևմտյան ոչ մի երկիր բացատրություն չի պահանջել Սիրիայի և բոլորովին վերջերս սիրիաբնակ հայերի դեմ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի և «Ալ Քաիդայի» համատեղ գործողությունների վերաբերյալ: Ոչ մեկը հետամուտ չի եղել զինված խմբավորումների կողմից պատանդ վերցված մարդկանց ազատ արձակման գործին: Ժամանակի ընթացքում ավելանում են կասկածները այս ահաբեկչական գործողություններում նաև որոշ երկրների' Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների ներգրավվածությ ան վերաբերյալ: Հարցերն այս պահին այնքան շատ են. ինչո՞ւ մենք գնացինք Աֆղանստան և Իրաք: Ինչո՞ւ թողեցինք, որ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ մեր երիտասարդները սպանվեն Քաբուլում և Բաղդադում: Ինչի՞ համար է այս լռությունը: Ահաբեկիչներն անմիջականորեն ենթարկվում են թուրքական բանակին, որը կրկին հարձակվել է հայ համայնքի վրա: Լաթաքիայի հյուսիս-արևմտյան հատվածի վրա կազմակերպված «Ալ Նուսրա ճակատ»-ի և նոր օսմանցիների' մարտի 21-ի գրոհի արդյունքում 600 հայ ընտանիքներ ստիպված են եղել փախչել Լաթաքիա»,- նշել է Խրայիսը' հավելելով, որ Քեսաբի հայե րի դեմ իրականացված ջիհադիստական գրոհները վերակենդանացրել են Հայոց ցեղասպանության մոռացված պատմությունը:

 

Իտալա-արաբական կենտրոնը բազմիցս հանդես է եկել հայամետ նախաձեռնություններով, որոնց նպատակն է վառ պահել 1915 թվականին հայերի դեմ իրականացված զարհուրելի իրադարձությունների հիշատակը, ովքեր պարզապես ցանկացել են պաշտպանել իրենց հողը և հնագույն մշակույթը Օսմանյան տիրանիայից: