Վերջին օրերին Հալեպի անվտանգության վիճակը վատացել է: Սիրիական կանոնավոր բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև բուռն բախումներ են տեղի ունենում Զահրաա (քաղաքի արևմտյան), Լերամուն (հյուսիս-արևմտյան), Ռամուսե (հարավ-արևտյան), Համտանիե (արևմտյան), Շեյխ Մաքսուտ (հյուսիսային) շրջաններում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:
Ռամուսեի բախումների հետևանքով ժամանակավորապես վտանգվել է Հալեպից դուրս գնալու միակ ճանապարհը' Խանասերը: Այդ ճանապարհը գործող է, սակայն բախումների սաստկացման պարագայում, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես այն փակ է: Այսօր առավոտյան ժամը 10:00-ից Խանասերի ճանապարհով անցնող մի քանի ուղևորությունները հետաձգվել են: Մյուս կողմից' շարունակվում են զինյալ խմբավորումների կողմից Հալեպի տարբեր թաղամասերի ռմբակոծությունները: Այսօր առավոտյան չորս ռումբ է պայթել Նոր Գյուղ շրջանի տարբեր թաղամասեր ում' պատճառելով նյութական վնաս, ինչպես նաև մեկ հայ վիրավոր:
Ավելի քան երեք տարի է' շարունակվում է սիրիական պատերազմը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է մոտ 130 հազար մարդ, փախստական է դարձել 1 միլիոն մարդ: