«Հանգիստ բնավորություն ուներ, լուռ էր, ինքնամփոփ, սիրտը ընկերների մոտ էր բացում», - այս խոսքերով է բնորոշում հորը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի որդին' Նաիրի Սահյանը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արդեն 20 տարի է, ինչ հայրը կենդանի չէ, ինչն իրեն ցավ է պատճառում: Բանաստեղծի ժառանգը ժպիտով է հիշում հոր և Պարույր Սևակի հանդիպումնրն իրենց տանը:
«Շատ լավ հիշողություններ ունեմ, երբ գիշերներն իրար հետ նստում էին, և այդ զրույցները դասընթաց էին հասարակ մարդու համար: Երկուսն էլ խոր, շատ խոր էին: Սևակը բառի լավ իմաստով «խելագար» էր, և մեկ-մեկ պայթում էր և գիշերը մինչև ժամը երեքը բարձր-բարձր բղավում էին, մինչ առավոտ զրուցում: Այդ ջերմությունը մինչև հիմա զգում եմ, բախտս բերել է»,- պատմում է Նաիրի Սահյանը:
Նրա գնահատմամբ, ի տարբերություն Սևակի, հայրն ավելի լուռ էր, քիչ էր խոսում:
«Նրա կողքին լինելն արդեն և’ խորհուրդ էր, և’ դաստիարակություն: Իր կեցվածքը, աուրան, ոչ միայն ինձ, այլև հազարավոր մարդկանց էր պարուրում, այդպիսին էր ծնվել այդ մարդը»,- հիշում է բանաստեղծի որդին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք փորձե՞լ է ինքն էլ երբևէ գրել, նա նշեց, որ
Իր գործերի երկու գրքույկ են լույս տեսել, որոնց հրատարակման հարցում ինքը խորհրդակցել է շատ մարդկանց հետ, որպեսզի և ոչ մի բիծ չթողնի հոր անվան վրա:
«Մի անգամ փոքր երեխա էի, մայրիկիս կարդացի, նա ասաց. «Հորդ կարդա»: Կարդացի, հայրս լռեց, ծխեց, հետո ասաց. «Էլ մի գրի»,- անկեղծացավ Նաիրի Սահյանը, ում կարծիքով այսօր բավականաչափ քայլեր ձեռնարկվում են Սահյանի թողած ժառանգությունը սերունդներին հասանելի դարձնելու ուղղությամբ, սակայն անհրաժեշտ է, որ սերունդը դա ցանկանա:
«Շչորս Դավթյանը մեծ աշխատանք է անում Սահյանի արվեստի պահպանման և պրոպագանդման ուղղությամբ: Ժողովուրդն ինքը պետք է ձգտի, ինքը պետք է կարդա, եթե ձգտում չլինի, գրականությունն այն բանը չէ, որ զոռով ստիպես, որ կարդան: Առավել ևս կարդան և խորը ընկալեն»,- հավելեց Սահյանի ժառանգը:
Հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին բանաստեղծի ծննդյան օրը' ապրիլի 14-ին Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրմին ծաղկեդրման և հարգանքի տուրքի մատուցման արարողությունով:
Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը տեղեկացրել է, որ համաձայն հաստատված ժամանակացույցի' ապրիլի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Պետական պատվերով կհրատարակվեն Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը և կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Շողակաթ» հեռուստաընկերությունը կնկարահանի «Համո Սահյան. քարափներից' երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվել են Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն- թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը: Տուն- թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած' մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
2014 թվականի ընթացքում Երևանի, Սյունիքի և հանրապետության այլ մարզերի գրադարաններում, մշակույթի տներում, բարձրագույն ուսումնակ ան հաստատություններում և դպրոցներում տեղի կունենան պոեզիայի երեկոներ, սահյանական ընթեցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների և ասմունքի մրցույթներ և այլ միջոցառումներ' նվիրված մեծ բանաստեղծի 100-ամյա հոբելյանին: