
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է հրամանագիր ՌԴ նախագահի և վարչապետի դրամական վարձատրությունը 2,65 անգամ բարձրացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
Վերջին անգամ բարձրագույն պետական պաշտոնյաների ռոճիկը բարձրացել է 2012 թվականին, այն ժամանակ դա կազմում էր ամսական 63 հազար ռուբլի պետության ղեկավարի համար և 50,4 հազար ռուբլի կառավարության նախագահի համար:
Անցած շաբաթ հրապարակվել են տեղեկություններ Կրեմլի վարչակազմի և կառավարության բարձրագույն պաշտոնատար անձանց եկամուտների մասին: Այսպես, 2013 թվականին Պուտինի ընդհանուր եկամուտը կազմել է 3 միլիոն 672 հազար 208 ռուբլի: Դա ավելի քան կես միլիոնով (587 հազար ռուբլով) քիչ է, քան վարչապետ Դմիտրի Մեդվեդևինը, որի ընդհանուր եկամուտն անցյալ տարի կազմել է 4 միլիոն 259 հազար 525 ռուբլի, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: