Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը Ազգային ժողովում աշխատելու ցանկություն ունի: Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսանյանը, ով հաջորդն է ՀՀԿ համամասնական ցուցակում, նշեց, որ իր պատգամավոր դառնալ չդառնալու հարցը պետք է որոշի կուսակցությունը: «Ես 4 անգամ պատգամավոր եղել եմ և, բնականաբար, ցանկություն ունեմ շարունակել աշխատանքը օրենսդիրում, սակայն դա կուսակցության որոշելու հարցն է»,- ասաց Ալեքս անյանը:
Նա նշեց, որ Ազգային ժողովում աշխատանքի ընթացքում ինքը կարևորում է հանձնաժողովներում աշխատանքը, օրենսդրական նախագծերի մշակումը: «Ես կարծում եմ, որ ավելի լավ է քիչ խոսել և շատ աշխատել, ամբիոնից շատ խոսելը դեռևս չի նշանակում լավ աշխատանք»,- ասաց Ալեքսանյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում ապրիլի 13-ին հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրն ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի տեղը ԱԺ-ում թափուր է մնացել: ՀՀԿ համամասնական ցուցակում հաջորդը Լեռնիկ Ալեքսանյանն է: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ կուսակցությունում դեռևս չեն քննարկել, թե ով կզբաղեցնի թափուր տեղը: