Հալեպում ապրիլի 16-ի առավոտյան սիրիական բանակի հայ զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնել է «Արմենպրես» գործակալության աղբյուրը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Հալեպի Ռամուսիե թաղամասում: Զոհվածը 20 ամյակը դեռ չբոլորած Կոկո Աշնագլյանն է: Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր' Սիրիայի ժամանակով 14:00-ին, Սբ Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցում:

 

Ավելի վաղ' ապրիլի 12-ին, 40-ից ավելի հրասանդներ էին ընկել Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում, որոնց հետևանքով 2 հայ էր զոհվել և վիրավորվել էր ևս 6-ը: Վիրավոր հայորդիների անուններն են' Վրեժ Եագուպյան, Ժագ Տեկիրմենճյան, Հարութ Աբիկյան, Արաքսի Օրուլյան, Հասմիկ Մանուել-Թութունճյան, Կարո Քարակուլլեյան: Տեղացի զոհերի կողքին զոհվել են նաև երկու հայորդիներ՝ Սագո Աշնալըքյանը և Լևոն Գևորգյանը։

 

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը: