Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Ազգային ժողովն առանց նախագահի է աշխատում: Օրենսդիրի ղեկավարի գործառույթները ժամանակավորապես իրականացնում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Ինչպես մինչև վարչապետի անունը հայտնի դառնալը, այնպես էլ հիմա, ԱԺ նախագահի պաշտոնում շրջանառվում են բազմաթիվ անուններ, սակայն, ՀՀԿ-ականների պնդմամբ, թե ով կլինի այդ պաշտոնին, դեռևս նման հարց չի քննարկվել: Առաջնային հարցը, թերևս այժմ համարվում է նոր կառավարության կազմը, որում ինչպես Սերժ Սարգսյանն էր հայտարարել, լուրջ փոփոխություններ են լինելու:

 

Թե ում են մեր խորհրդարանականները ցանկանում տեսնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, Լուրեր.com-ը փորձեց պարզել անձամբ իրենցից:

 

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ իր կարծիքը բոլորովին կարևոր չէ:

 

«Խորհրդի նիստում քննարկելուց, երբ կառաջադրվի, կքննարկվի, այն ժամանակ էլ կորոշվի»,-ասաց Կարինե Աճեմյանը:

 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ար­­­­տակ Զաքարյանը ևս անուններ չնշեց:

 

«Կարծում եմ, որ երբ համապատասխան քննարկումները կլինեն' այդ ժամանակ նաև արդեն հրապարակային կանդրադառնանք: Առայժմ դեռ քննարկումներ չկան»,-ասաց Զաքարյանը:

 

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի կարծիքով' այդ անձը պետք է կարողանա աշխատել քաղաքական ուժերի հետ:

 

«Դա ցանկությունների խնդիր չէ: Տեսնենք' ովքեր կլինեն թեկնածուները: Իհարկե, պետք է հասկանալ, որ մարդ պետք է կարողանա աշխատել քաղաքական ուժերի հետ գրագետ, նորմալ: Չափանիշների խնդիր է այստեղ, անձի խնդիր չէ»,-ասաց Շահգելդյանը:

 

ԲՀԿ խոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, ըստ էության, այդ պաշտոնում տեսնում է նաև իրեն, քանի որ մեր հարցին ի պատասխան նա ասաց. «131 պատգամավորներից որևէ մեկին»:

 

Նշենք, որ «Ժանագություն», ՀՅԴ և ՀԱԿ խմբակցություններից չհաջողվեց տեսակետ ստանալ: