Ընդամենը հաշված օրեր անց ավարտին կմոտենա մարտի 3-ից մեկնարկած Մեծ պահքի շրջանը: ԱՀԹ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի համոզմամբ` տարեցտարի ավելանում են պահք պահողների թիվը, ովքեր պահք են պահում ոչ միայն սննդային սահմանափակման համար, այլև ընկալելով դրա խորհուրդը:
«Վերջին տարիներին մարդիկ ավելի շատ են հետաքրքրվում այն մասին, թե բացի ուտելիքից, ինչպե՞ս պետք է պահք պահել: Պետք է աղոթքով անցկացնել, եկեղեցի գնալ»,- ապրիլի 16-ին հրավիրված ասուլիսում նշեց Մուրադյանը:
Նա ընդգծեց, որ պահեցողությունը կամավոր սկզբունք է կրում:
«Ցանկալի է, որ պահենք սահմանված եկեղեցական կարգը, սակայն շատերը պահեցողություն չեն պահում առողջական կամ այլ նկատառումներից ելնելով»,- փաստեց հոգևորականը` հայտնելով, որ անգամ պահք չպահողները կարող են շաբաթ օրը` ապրիլի 19-ին ծոմ պահել, և երեկոյան ճրագալույցի պատարագին և հաջորդ օրը` Սուրբ Հարության տոնին գնալ եկեղեցի և հաղորդություն առնել:
Անդրադառնալով եկեղեցական տոնացույցում ապրիլի 14-ից մեկնարկած Ավագ շաբաթին` ԱՀԹ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը նշեց, որ այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը:
«Ավագ շաբաթը եկեղեցու կարևորագույն խորհուրդներից մի քանիսն է հաստատում»,- նշեց բանախոսը:
Ավագ շաբաթը եզրափակվում է Սուրբ պատարագի խորհրդով:
«Հիսուս Քրիստոսը ավերեց դժոխքը, մարդկությանը փրկություն տվեց և հնարավորություն` վերադառնալու երանական դրախտին, որից հեռացվել էր մարդը»,- վերահաստատեց քահանան` հավելելով, որ միայն աստվածահաճո գործերով մարդը կարող է քրիստոնյա համարվել:
Նա նշեց, որ Աստծո որդին առակներով պատահական չէր խոսում ժողովրդի հետ, որպեսզի ավելի հասկանալի լինի նրանց:
Ապրիլի 20-ին ժամը 20:00-ին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից կմեկնարկի մոմերով երթը, որին մասնակից երիտասարդները կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ` եկեղեցուց բերված մոմերը բաժանելու մարդկանց:
Այս տարի Մեծ պահքը սկսվել էր մարտի 3-ին, իսկ Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Մեծ պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Մեծ պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք (բացառությամբ` մեղրի), որը ենթադրում է «համեստ» սննունդ, զանազան ճոխ և համադամ կերակուրներից և ոգելից խմիչքներից ինքնազսպում: Պահքի գլխավոր նպատակն է մարդկանց մեղքերից մաքրագործելը, շատ կարևոր է պահեցողության ընթացքում նաև եկեղեցական պատարագներին և ժամերգություններին մասնակցելը, աղոթելը, բարին արարելը և միմյանց ներելը:
Սուրբ Հարության տոնին մարդիկ սովորաբար ավանդական կերակուրներն են դնում սեղանին, որոնցից է չամիչով փլավը, ձուկը, կարմիր գինին, կանաչիների տարբեր տեսակները: