Ընդամենը հաշված օրեր անց ավարտին կմոտենա մարտի 3-ից մեկնարկած Մեծ պահքի շրջանը: ԱՀԹ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի համոզմամբ տարեցտարի ավելանում են պահք պահողների թիվը, ովքեր պահք են պահում ոչ միայն սննդային սահմանափակման համար, այլև ընկալելով դրա խորհուրդը:

 

«Վերջին տարիներին մարդիկ ավելի շատ են հետաքրքրվում այն մասին, թե բացի ուտելիքից, ինչպե՞ս պետք է պահք պահել: Պետք է աղոթքով անցկացնել, եկեղեցի գնալ»,- ապրիլի 16-ին հրավիրված ասուլիսում նշեց Մուրադյանը:

 

Նա ընդգծեց, որ պահեցողությունը կամավոր սկզբունք է կրում:

 

«Ցանկալի է, որ պահենք սահմանված եկեղեցական կարգը, սակայն շատերը պահեցողություն չեն պահում առողջական կամ այլ նկատառումներից ելնելով»,- փաստեց հոգևորականը' հայտնելով, որ անգամ պահք չպահողները կարող են շաբաթ օրը' ապրիլի 19-ին ծոմ պահել, և երեկոյան ճրագալույցի պատարագին և հաջորդ օրը' Սուրբ Հարության տոնին գնալ եկեղեցի և հաղորդություն առնել:

 

Անդրադառնալով եկեղեցական տոնացույցում ապրիլի 14-ից մեկնարկած Ավագ շաբաթին' ԱՀԹ Եռաբլուրի Սուրբ Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը նշեց, որ այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը:

 

«Ավագ շաբաթը եկեղեցու կարևորագույն խորհուրդներից մի քանիսն է հաստատում»,- նշեց բանախոսը:

 

Ավագ շաբաթը եզրափակվում է Սուրբ պատարագի խորհրդով:

 

«Հիսուս Քրիստոսը ավերեց դժոխքը, մարդկությանը փրկություն տվեց և հնարավորություն' վերադառնալու երանական դրախտին, որից հեռացվել էր մարդը»,- վերահաստատեց քահանան' հավելելով, որ միայն աստվածահաճո գործերով մարդը կարող է քրիստոնյա համարվել:

 

Նա նշեց, որ Աստծո որդին առակներով պատահական չէր խոսում ժողովրդի հետ,որպեսզի ավելի հասկանալի լինի նրանց:

 

Ապրիլի 20-ին' ժամը 20:00-ին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից կմեկնարկի մոմերով երթը, որին մասնակից երիտասարդները կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ'եկեղեցուց բերված մոմերը բաժանելու մարդկանց:

 

Այս տարի Մեծ պահքը սկսվել էր մարտի 3-ին, իսկ Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Մեծ պահքը տևում է 48 օր' Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

 

Մեծ պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք (բացառությամբ' մեղրի), որը ենթադրում է «համեստ» սննունդ, զանազան ճոխ և համադամ կերակուրներից և ոգելից խմիչքներից ինքնազսպում: Պահքի գլխավոր նպատակն է մարդկանց մեղքերից մաքրագործելը, շատ կարևոր է պահեցողության ընթացքում նաև եկեղեցական պատարագներին և ժամերգություններին մասնակցելը, աղոթելը, բարին արարելը և միմյանց ներելը:

 

Սուրբ Հարության տոնին մարդիկ սովորաբար ավանդական կերակուրներն են դնում սեղանին, որոնցից է չամիչով փլավը, ձուկը, կարմիր գինին, կանաչիների տարբեր տեսակները: