«Ես բոլոր դեպքերում կողմնակից եմ քաղաքական ապահարզանին և կարծում եմ, որ փոխադարձ հարգանքն ամեն դեպքում համատեղ ապրած տարիների հանդեպ, պետք է պահպանել, ուստի ես հաջողություն եմ մաղթում ՕԵԿ-ին, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում նաև կրթության ոլորտում ցուցաբերած նախաձեռնությունների տեսքով և այլն: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն ի վիճակի է քաղաքական զարգացումներ ապահովել' ունենալով խորհրդարանական մեծամասնություն և իր կողմից ձևավորվելիք կառավարություն»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն' անդրադառնալով ՕԵԿ որոշմանը կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ:

 

Հարցին, թե ՕԵԿ-ը կքննադատի՞ Սերժ Սարգսյանին, Աշոտյանն ասաց. «Ես չգիտեմ ինչպես կվարվի ՕԵԿ-ը, ամեն դեպքում երկրում առկա խնդիրներն այսօր ավելի բարձրաձայն են հնչում իշխանության շուրթերից: Անգամ առանց ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու, մենք ենք առաջինը մատնանշում առկա խնդիրները, որովհետև մենք գիտենք այդ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները, բոլոր դեպքերում կոնստրուկտիվ ընդդմությունը երկրի քաղաքական կայունության և զարգացման կարևորագույն երաշխիքն է և այստեղ մենք չենք կարծում, որ խրամատից այն կողմ ինչ-որ հակադիր ուժեր ունենք: Անգամ ՕԵԿ-ի դուրս գալու դեպքում, ես կարծում եմ խրամատներ չկան, կան կոնկրետ հարցեր, որոնց շուրջ կարող են լինել տարաբնույթ հարցեր, քննարկումներ և դրանց արդյունքում իշխանությունը լսելով տարբեր հարցեր, կարող է լուծումներ տալ»: