Սիրիայի Քեսաբ ավանի դեմ իրականացված զինյալ հարձակման և հայ բնակչության տեղահանման առնչությամբ Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը ապրիլի 15-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնախմբի նախագահ Կոնստանտինոս Ցիարասի հետ:

 

Զրույցի ընթացքում քննարկվել են քեսաբահայության և առհասարակ սիրիահայության դիմագրաված խնդիրները, Քեսաբի բնակչության ապահովման ու իրենց բնակավայր վերադարձի հարցը: Սերգո Գույումճյանը և Խաչիկ Խաչատրյանը պարոն Ցիարասին են ներկայացրել քեսաբահայերի հարցի մանրամասները' հույն պաշտոնյայի ուշադրությունը հրավիրելով այդ հարձակումներին Թուրքիայի մեղսակցության վրա, ինչը միջազգային օրենքի և մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

 

Կոնստանտինոս Ցիարասը, ով քաջատեղյակ էր խնդրին և Հունաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում եղած ժամանակ մոտիկից հետևել էր Սիրիայի քրիստոնյաների պաշտպանության հետ կապված խնդիրներին, հանձն է առել խորհրդարանի Պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնախմբի լիագումար նիստում ներկայացնել Քեսաբի հարցի բոլոր ծալքերը: