Ապրիլի 16-ի երեկոյան և ապրիլի 17-ին Հալեպի տարբեր, հատկապես հայաշատ, թաղամասերում տասնյակ հրասանդներ և հրթիռներ են ընկել: Հրթիռակոծության թիրախ են դարձել հատկապես Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Ազիզիե, Ժդիյդեի, Ջալայի և Նոր Գյուղի շրջանները: Ինչպես հաղորդում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը, հրասան դներից մեկն ընկել է Հաջ Հաբիբ թաղամասի հայի բնակարանի վրա, որից հրդեհ է բռնկվել: Թաղամասի հայ երիտասարդները փորձել են հանգցնել կրակը մինչև հրշեջների ժամանումը: Բարեբախտաբար, վնասը միայն նյութական է:

 

Հրթիռակոծությանը զուգահեռ բախումները սաստկացել են Հալեպի տարբեր ուղղություններով: Բախումները Հալեպի շրջակայքից տեղափոխվել են քաղաքի կենտրոնը, հատկապես հին Հալեպի Սայիդ Ալի շրջանը: Սիրիական բանակը ռազմական գործողություններ է ծավալում զինված ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող շրջաններում, մյուս կողմից փորձում է կասեցնել զինյալների ներխուժումը կառավարամետ շրջաններ: Բանակը զինված խմբավորումների դեմ օգտագործում է նաև ռազմական ուղղաթիռներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակվել են քաղաքի խանութները:

 

Հրաձգությունը, պայթող ռումբերը, ուղղաթիռների, թնդանոթների և բախումների ձայները մինչև առավոտ Հալեպի բնակչությանը լարված վիճակում են պահել: Իսկ առավոտյան երկրաշարժի ուժգնությամբ երեք պայթյուն ցնցել են քաղաքը: Պարզվել է, որ պայթյունները որոտացել են Սայիդ Ալի, Սեքենեթ Հանանու և Հին Հալեպ շրջաններում: Քաղաքում այժմ ծայրաստիճան անապահով վիճակ է տիրում:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը: