Իրանում մահապատժի դատապարտված անձը վերջին պահին փրկվել է մահից։ Միջադեպը տեղի է ունեցել Իրանի Մազանդարան նահանգում։ 7 տարի առաջ դանակահարվելով սպանված 18-ամյա Աբդուլլահ Հուսեյինզադեի մայրը որդու մարդասպանին վերջին պահին ներել է և նրան պատժել՝ միայն մեկ ապտակ հասցնելով, տեղեկացնում է իրանական ISNA կայքը։
Իրանի Մազանդարան նահանգի Ռոյան փոքրիկ քաղաքում դեպքից 7 տարի անց պետք է իրականացվեր Հուսեյինզադեին սպանող Բալալի մահապատիժը, ինչի համար երկու կողմերի ընտանիքները հավաքվել էին հրապարակում։
Շարիաթի օրենքներով մահապատժի դատապարտված Բալալի աչքերը կապել են և պարանոցին անցկացրել են կախաղանի պարանը։
Մինչ բոլորը սպասում էին, որ դատապարտյալի տակից պետք է քաշեն աթոռն ու սպանեն նրան, մոտեցել է տուժող կողմի մայրն ու ասել, որ ներում է նրան։ Դրանից հետո մեղադրյալի մայրն ի նշան երախտագիտության գրկել է որդեկորույս կնոջը, իսկ փրկված մեղադրյալը համբուրել է նրա ոտքերը։
Թե ինչ պատիժ է սպասվում նրան այժմ, դեռևս հայտնի չէ։