Երկու ամսվա ընթացքում Տավուշի մարզի Կոթի գյուղի դպրոցի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանի կյանքում շատ բան է փոխվել: Գևորգ Գրիգորյանն արդեն ունի իր սեփական տունը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Ճամբարակի տարածաշրջանի Թթու ջուր գյուղից ուսուցչի առաքելությամբ սահմանամերձ Կոթի տեղափոխված Գևորգ Գրիգորյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից այս տարվա փետրվարին արժանացավ Հայկյան հատուկ մրցանակի՝ սահմանամերձ գյուղում սերունդներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար: Մրցանակը Տավուշի մարզի երիտասարդ ուսուցիչն ստացավ անձամբ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանից։
«Նախագահը հետաքրքրվեց, թե ինչ խնդիր ունեմ, և երբ իմացավ, որ տուն չունեմ ու ժամանակավորապես բնակվում եմ Կոթիի գյուղացիներից մեկի տանը, ասաց, որ կլուծվի այդ հարցը»,- «Արմենպրես»-ին պատմեց Գրիգորյանը:
Տան բանալիները երիտասարդ ուսուցչին հանձնվել են ապրիլի 17-ին՝ նրա ծննդյան տարեդարձի օրը։ Սակայն դա Գրիգորյանի ծննդյան միակ անակնկալը չէր: «Ինձ համար մեծ պատիվ էր, որ ծննդյանս օրն ինձ զանգահարեց ու շնորհավորեց հանրապետության նախագահը։ Այս ամենը հեքիաթի նման մի բան է։ Ես չգիտեմ՝ ինչպես իմ երախտագիտությունը հայտնեմ պարոն Սերժ Սարգսյանին, բոլոր բարի մարդկանց, ովքեր վերջին օրերին այդքան բան արեցին Կոթիի դպրոցի և ինձ համար»,- նշեց երիտասարդ ուսուցիչը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված Հայկյան մրցանակաբաշխության ժամանակ Գևորգ Գրիգորյանը ծանոթացել էր նաև «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանի հետ: Այդ ծանոթության արդյունքում սահմանամերձ Կոթի գյուղի դպրոցը մարտի 30-ին ստացել էր հայկական ծրագրերով համալրված 20 «Արմթաբ» պլանշետ։ «Ինստիգեյթ» ընկերությունն իր հերթին դպրոցին նվիրաբերեց 5 համակարգիչ։ «Արմթաբ Թեքնոլոջիսը» և «Ինստիգեյթը» դպրոցը համալրեցին նաև ֆիզիկայի ժամանակակից լաբորատորիայով։ Առաջիկայում կրթօջախի ն կտրամադրվեն նաև աշակերտների շրջանում ռոբոտաշինությունը զարգացնելու համար նախատեսված սարքավորումներ, կբացվի ռոբոտաշինության խմբակ:
23-ամյա ուսուցիչի խոսքով' այս ամենը պարտավորեցնող է։ Ինքն ու իր աշակերտներն ավելի մեծ եռանդով են շարունակելու աշխատել՝ այդպիսով երախտապարտ լինելով իրենց ձեռք մեկնած մարդկանց։