«Իսսիի ընկերները» միությունը ստեղծվել է 2013 թվականի սկզբում՝ վաղեմի ընկերներ Արման Ավագյանի և Հարություն (Արթուր) Խանջյանի մտահղացմամբ: Այն փաստացի փարիզյան շրջանի ամենաազդեցիկ Օ դե Սեն նահանգի ամենամեծ միությունն է դարձել՝ համախմբելով ավելի քան 300 հայերի և նրանց համակիրների:

 

Արման Ավագյանը, ինչպես և Հարություն (Արթուր) Խանջյանը, Ֆրանսիայի հայ համայնքի հետ աշխատելու տարիների փորձ ունեն' Հարությունը՝ որպես հայաշատ Իսսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ, իսկ Արմանը՝ որպես հայկական «Europe ArmeniaTV media group» ընկերության տնօրեն:

 

Դեռևս երեք տարի առաջ նրանք միահամուռ կերպով որոշել էին միավորել իրենց ուժերը' Ֆրանսիայի հայ համայնքին աջակից լինելու համար' վեր կանգնելով կուսակցական պատկանելիությունից և խմբային շահերից: 2013 թվականին նրանք հիմնադրեցին «Իսսիի ընկերները» միությունը, որի նպատակն է լավագույնս պաշտպանել Իսսի լե Մուլինո քաղաքի, ինչպես նաև Օ դը Սեն փարիզյան նահանգում բնակվող ավելի քան 50 հազար հայերի շահերը հնարավոր բոլոր օղակներում, ինչպես նաև ավելի բարձրացնելու Ֆրանսիայի հայազգի քաղաքացիների վարկանիշը' ֆրանսիացի քաղաքական գործիչների շրջանում:

 

Հարություն (Արթուր) Խանջյանն արդեն 14 տարի է Իսսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի մերձավոր խորհրդականն է և շատ ակտիվ գործունեություն է ծավալում ի շահ հայ համայնքի: Նա 2014թ. տեղական ինքնակառավարման ընտրություններին ընդգրկվել է քաղաքապետի թեկնածու Անդրե Սանտինիի գլխավորած ընտրացուցակում և հաղթական 67% արդյունք գրանցելու շնորհիվ դարձել փոխքաղաքապետ' համակարգելով հայ համայնքի, տեղական ժողովրդավարության և համայնքային ենթակառուցվածքների կազմակերպման կարևորագույն ոլորտները:

 

Միությունն իր մեկամյա գործունեության ընթացքում կազմակերպել է բացառիկ միջոցառումներ' նպատակ ունենալով համախմբելու հայերին և հայության ներուժը:

 

Վերջերս «Իսսիի ընկերները» միությունը կազմակերպել է միջոցառում Ֆրանսահայ բժիշկների միության նախագահ Էդուարդ Մուրադյանի պատվին. մարդ, որն ամբողջ համայնքի բժիշկ - թերապևտն է եղել երկար տարիներ շարունակ և որի կյանքը բժիշկները հազիվ են կարողացել փրկել: Այսպիսով, նա մեծ աջակցություն ստացավ համայնքի կողմից:

 

Միությունը լայնամասշտաբ միջոցառումներ է իրականացրել Ֆրանսիայում' նվիրված 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցին: Ելույթներով հանդես են եկել Իսսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ, մտավորականներ: Հիշատակի տուրք է մատուցվել արհավիրքի անմեղ զոհերին, ինչպես նաև շեշտադրվել բոլոր այն հայերի մասին, ովքեր այդ տարիներին Ֆրանսիայում ջանք չխնայեցին' իրենց հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու համար:

 

2014-ին տեղական ինքնակառավարման ընտրություններին միությունը սատարեց հայերի մեծ բարեկամ, ֆրանսիացի հայտնի գործիչ, նախկին նախարար Անդրե Սանտինիին, ով միշտ եղել է Հայկական հարցի լուծման ջատագով և պաշտպան' լինելով ազդեցիկ Իսսի լե Մուլինոյի քաղաքապետ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր:

 

Անշուշտ, այս ամենը մի փոքր մասն է այն անգնահատելի ծառայությունների, որ մատուցում է միությունը Ֆրանսիայի հայ համայնքին: Վստահ ենք, որ միության նոր հաջողություններին անդրադառնալու առիթներ շատ կունենանք: