Սևանա լճի սիգ արգելվում է վաճառել, բայց վաճառվում է: Այս մասին ահազանգերը բազմաթիվ են: Սիգ գտնելն այդքան էլ հեշտ չէ, բայց հնարավոր է: Վաճառողները հիմնականում խուսափում են շուկաներից: Ձուկը վաճառում են մեքենաներից կամ շուկաներին հարակից փողոցներում դրված տարրաներից ու տոպրակներից: Որսագող ավարը Երևան են բերում ափամերձ շրջաններում ապրող գյուղացիները և ձուկը հենց Սևանի ափից գնած վերավաճառողները:
Սիգը վաճառվում է հատով: Գինը տատանվում է 500-ից մինչը 3000 դրամի սահմաններում' կախված չափից: Արգելված ձկնատեսակի պահանջարկը շուկայում մեծ է' սիգի հերթը չի դադարում: Սպառողները գուցե գիտեն, որ սիգի վաճառքն արգելված է, բայց թերևս տեղյակ չեն, որ Սևանա լճում սիգի գլխաքանակը մոտ է կրիտիկականի: Ըստ էկոլոգ Ինգա Զարաֆյանի' ձկների մայրական կազմը արդեն վտանգված է: Սևանա լճում էլ, փորձագետների գնահատականով' ընդհանուր առմամբ մնացել 100 տոննայից մի փոքր ավելի սիգ ձուկ:
Որսագողերին չի կանգնեցնում գլխաքանակի վտանգի հանգամանքը, ոչ էլ սիգ որսալու դժվարությունը: Փորձագետի հավաստմամբ' ափամերձ շրջաններում այս ձկնատեսակը բռնել գրեթե անհնար է: Պետք է հասնել լճի ամենախորը հատվածները: