Գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ ԲՀԿ-ն մի շարք ծրագրեր ուներ եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վահե Էնֆիաջյանին հանձնարարել էր, որ հետեւողական լինի, որ այդ ծրագրերը շարունակական բնույթ ունենան, դրանք ավարտին հասցնեն:

Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր եք կատարել Դուք այս ընթացքում, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունն արե՞լ եք: Նա պատասխանեց. «Նախ, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից յուրաքանչյուր տարի մեծ ծավալի աշխատանքներ են տարվում եւ այդ մեծ ծավալի մեջ նաեւ գիտությանը վերաբերվող աշխատանքներ են կազմակերպվում: Երիտասարդ գիտնականների այդ ծրագիրը, որը հիշատակեցիք, վերջին անգամ երբ ծրագրին որպես օժանդակություն է կազմակերպվել, դա կազմել է շուրջ 20 մլն եւ մոտ 100 երիտասարդ գիտնականներ կարողացել են իրենց գիտական աշխատությունները հրապարակել տարբեր միջազգային հեղինակավոր ամսագրերում եւ մի շարք այլ միջոցառումներ էլ են կազմակերպվել»:

Ինչ վերաբերում է օրենսդրական դաշտում կոնկրետ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնություններին, նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ, գիտեք, որ ես այդ հանձնաժողովից տեղափոխվել եմ, բայց անցած տարվա իմ նախաձեռնությունն եմ շատ կարեւորում, որը միանշանակ քննարկումների արդյունքում էր ծնվել եւ գիտության զարգացմանը իր նպաստը կունենա: Խոսքը գիտական սարքերի ու սարքավորումների մաքսատուրքը զրոյականացնելու մասին է, բայց մինչ այսօր դեռեւս կառավարության կողմից համապատասխան որոշում եւ արձագանք չկա: Մենք լիահույս ենք, որ առաջիկայում այդ հարցը դրական լուծում կստանա»:

Նշենք, որ ներկայումս մեր երկիր գիտական նպատակներով ներկրվող սարքավորումների, գիտական նյութերի համար կիրառվում է մաքսատուրք: Գիտնականները երկար տարիներ է պայքարում ու պահանջում են, որ լինի օրենք, որը կկարգավորի այդ դաշտը, եւ այն գրքերը, նյութերը, սարքավորումները, որոնք գիտական նպատակով են ներկրվում Հայաստան, ազատվեն մաքսատուրքից: Մինչդեռ ամենատարբեր պատճառաբանություններով նախագիծը կառավարությունից չի հասնում ԱԺ եւ չի մտնում օրակարգ: Բազմաթիվ երկրներում բավական է, որ հայտը ներկայացված լինի գիտահետազոտական ինստիտուտիից, կամ համալսարանից եւ տվյալ ներկրվող սարքը, գիրքը, գիտական նյութը պետք է ազատվի մաքսատուրքից, որովհետեւ արդեն հասկացվում է, որ դա գիտական նպատակներով է: Սակայն մեր երկրում, որտեղ գիտությունը հայտարարված է գերակա ոլորտ, այդ գրքերի ու գիտական նյութերի հաշվին փորձում են պետբյուջե լցնել:

Վահե Էնֆիաջյանը խոստացավ առաջիկայում ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչ է ինքն արել ու անելու՝ գիտնականներին տված խոստումներն իրականացնելու, այդ թվում նաեւ այս խնդրին լուծում տալու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ