Հայաստանը Հայոց ցեղասպանության առնչությամբ Թուրքիային հակադարձելու պատճառ չունի, քանի որ Թուրքիան է հայտնվել հակադարձողի դերում և հերքում է բացահայտ ճշմարտությունը: Այս առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը ճիշտ է, 100-ամյա տարելիցին նախապատրաստությունը' բարձր մակարդակի վրա: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը տեսակետ հայտնեց, որ Հայաստանը համարժեք է նախապատրաստվում ցեղասպանության 100-ամյա տարելիցին, ինչի արդյունքում արդեն կան առաջին պտուղները:

 

Մանոյանը շեշտեց, որ առաջին անգամ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջին դեմքերը Թուրքիային կոչ արեցին առերեսվել սեփական պատմությանը: «Սրա մասին 30 տարի առաջ չէինք էլ կարող մտածել: Նմանատիպ մի հայտարարություն էլ Բարաք Օբաման արեց մի քանի տարի առաջ Անկարայում: Սա փաստում է, որ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մեծ հաշվով արդյունք չի տալիս»,- ասաց Մանոյանը' հավելելով, որ Հայաստանն արդեն պետք է աշխատի խնդրի իրավական կարգավորման ուղղությամբ:

 

«Այդ առումով պետք է ցուցաբերվի աշխուժություն և լուրջ աշխատանք»,- ասաց նա' հավելելով, որ աշխարհում գիտակցում են, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը չի նշանակում գործընթացի ավարտ, այլ նշանավորում է մեկ այլ գործընթացի սկիզբ և այդ առումով Հայաստանի և հայկական սփյուռքի նախաձեռնությունները շարունակվելու են:

 

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։