Սիրելի′ հայրենակիցներ,
Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը:
Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջև, հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը' անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության' ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
1890-1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի և երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ, հայի յուրաքանչյուր սերունդ' աշխարհի որ անկյունում էլ լինի և որքան էլ ժամանակ անցնի:
Հակառակ Օսմանյան կայսրության և թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրերի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մեր դարավոր մշակույթի տեր ժողովուրդը մաքառեց և 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք-ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից, եռամիասնության' Հայաստանի- Արցախի և Սփյուռքի ընդհանուր ջանքերի շնորհիվ ազատագրվեց Արցախը, և որպես անկախ պետություն Մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով Ցեղասպանության բարդույթից' հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ:
Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր առջև էլ ավելի են բացվել պատմական ճշմարտության վերականգնման հորիզոնները և անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ միասնության են կոչում:
Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել զգոն, ուժեղ և հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը:
Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում' հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները և շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը' հավատն է սեփական ուժերի հանդեպ և որի ուժը' համայն հայության միասնությունն է:
Համայն հայության ներուժը միավորելով, միասնությամբ մենք կհասնենք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը:
Միասնությամբ մենք կպաշտպանենք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հային:
Ուրեմն, միասնությամբ ոգեկոչենք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը' համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգնման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման, հանուն տարածքային փոխհատուցման և հայրենիքի' պատմական Հայաստանի վերամիավորման:
ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ Մ.Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ