Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ուկրաինայում չի լինի ԱՄՆ-ի ռազմական միջամտություն, իսկ ստեղծված իրավիճակը դեռ կարող է լուծվել դիվանագիտական ուղիներով։ Այս մասին Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

 

«Մենք հստակ փորձել ենք հասկացնել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ռազմական միջամտության երբեք չենք դիմի։ Մենք մի շարք տնտեսական պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն չենք բացառում, որ դեռ կան հեռանկարներ առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»- ասել է Օբաման։

 

Օբաման նաև հայտարարել է, որ հնարավոր են նոր պատժամիջոցներ. «Եթե ես չեմ բարձրաձայնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, ապա դա չի նշանակում, որ դրանք չեն պատրաստվում», - ասել է Օբաման:

 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունումը կամ չընդունումը հիմնականում կախված է Ռուսաստանի դիրքորոշումներից։ Բարաք Օբաման նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ չի մնում Ուկրաինայի վերաբերյալ Ժնևյան համաձայնագրերին։