Լավագույն գրավականը և լավագույն հուշարձանը, որ կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայոց հզոր պետությունն է և մեր ժողովրդի ապրելու իրավունքը աշխարհի ազգերի մեջ և քարտեզի վրա: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Չմոռանանք, որ 20-րդ դարի սկզբին մեր ոխերիմ թշնամին ցանկանում էր մեզ վերացնել քարտեզի վրայից: Ի հեճուկս մեր թշնամու' այսօր կա Հայաստանի Հանրապետությունը, կա Հայաստան երկիրը, կա հայ ժողովուրդը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արեյանը:
Երևանի փոխքաղաքապետի համոզմամբ, հայ ժողովրդին անհնար է ոչնչացնել: Նրա խոսքով, մեր հզորության գրավականը մեր միասնության մեջ է:
«Աշխարհի ոչ մի քամի, ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի ուժ չի կարող ջնջել մեր հիշողությունը, հանել այդ կորստի ցավը»,-ասաց Արեյանը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բացվել է 1967 թ. նոյեմբերի 29-ին. ավելի քան չորս տասնամյակ այն ընդունում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի համար այցելող հայերին ու օտարերկրացիներին: Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք եւ բաղկացած է երեք հիմնական կառույցներից' Հուշապատ, Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» հուշասյուն: Մինչեւ համալիրի հիմնական մաս հասնելը, այցելուներն անցնում են 100 մետր երկարությամբ ձգվող բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են քաղաքների անուններ: 1996-ից Հուշապատի վերջնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ թուրքերի կողմից իրագործված հայերի ցեղասպանության: Նրանց թվում են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Ջեյմս Բրայսը, Ան ատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս XV-ը, Ֆրիտյոֆ Նանսենը, Բոդիլ Բյորնը, Ֆայեզ Էլ Ղուսեյնը, Կարեն Եփփեն: 1988-1990թթ. Հայոց եղեռնի հուշահամալիրի հարեւանությամբ տեղադրվել են խաչքարեր' ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: Հայոց ցեղասպանության թանգարանում պահվում են պատմական արյունալի դեպքերի վավերագրերը: