Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվել է հոգեհանգստյան պատարագ, անցկացվել են դասախոսություններ, ավտոշքերթներ, իսկ Զապորոժիեում պատարագին հաջորդել է խաչքարի օծման արարողությունը:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, զանգվածային միջոցառումներ են անցկացվել նաեւ մայրաքաղաք Կիեում: Ուկրաինահեյրը կազմակերպել են սգո երթ, հոգեհանգստյան արարողություն, իսկ Պոդոլում, Պոկրովյան եկեղեցու բակում ծաղիկներ են տեղադրել զոհերի հիշատակին: Եկեղեցու բակում հատկացվել է տարածք, եւ այնտեղ ընթանում են հայկական եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքները:
Հոգեհանգստյան արարողությունը կատարել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանը եւ Կիեւի հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ հայր Տեր-Հովհաննես Շահնազարյանը: Հոգեհանգստյան արարողությանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Կիեւի միջազգային համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատրյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական գործիչներ:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ հատուկ ուշադրություն են դարձնելու Ուկրաինայում Հայոց ցեղասպանության խնդրին, քանի որ այդ ուղղությամբ դեռեւս ահագին գործ կա անելու: «Հենց այդ պատճառով Ուկրաինայի հայերի միության 2014թ. առաջնահերթություններից մեկն էլ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախապատրաստվելն է լինելու»,- ասել է Շատվորյանը՝ հավելելով, որ նախաձեռնել են մինչեւ հարյուրամյա տարելիցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել: Նախատեսվում է նաեւ անցկացնել թ եմատիկ միջոցառումների եւ դասախոսությունների շարք՝ Հայոց ցեղասպանության թեմայով: «Բացի այդ, Ուկրաինայի հայերի միությունը ԱՄՆ-ում գործող կինոընկերության հետ համագործակցում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու հարցի շուրջ»,- նշել է Շատվորյանը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
2005թ. Ղրիմի Գերագույն Ռադան ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչել է սգո օր: