Սիրիայի խորհրդարանը ապրիլի 24-ին տեղի ունեցած նիստի ընթացքում քննադատել է մոտ 100 տարի առաջ երիտթուրքերի իրագործած հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, խորհրդարանի պատգամավորներ Շաաբան ալ Հասանը, Նուրս Միրզան, Ջամալ ադ Դին Աբդոն և Աքրամ Հուաշը նշել են, որ Սիրիայի ժողովուրդը, ինչպես հայերը, չեն մոռանա Օսմանյան Թուրքիայի իրագործած հանցագործություններն անմեղ մարդկանց դեմ:

 

Միևնույն ժամանակ նրանք ասել են, որ Էրդողանը և իր կուսակցությունը շարունակում են աջակցել ահաբեկչական խմբավորումներին հանցագործություններ իրականացնելու հարցում: Նրանք միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին և Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին կոչ են արել ճանաչել կատարած հանցագործությունները և դատապարտել: Բացի այդ, նրանք Թուրքիայի կառավարությունից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որն իրագործել են օսմանցիները հայերի դեմ:

 

Խորհրդարանի անդամները Լաթաքիայի շրջանի Քեսաբ գյուղաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունները համարել են թուրքերի հանցագործությունների շարունակությունն ուղղված հայերի դեմ: