Եթե «Կյանքի խոսք» եկեղեցու առաջնորդը համարում է, որ ինքը սխալ գաղափարախոսություն է դավանել, ապա մնացած բոլոր կառույցները պետք է հետևեն իրենց առաջնորդին և այլևս չգործեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոն»-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

 

«Կյանքի խոսք» եկեղեցու առաջնորդի այն հայտարարությունը, թե ինքը հասկացել է, որ իրենց ճանապարհը ճիշտ չի եղել և վերադառնում է կաթոլիկ եկեղեցուն, մեծ աղմուկ հանեց ամբողջ աշխարհում: Եթե առաջնորդը և հիմնադիրն ասում է, որ ինքը սխալ է եղել, մնացած կառույցները չեն կարող գործել և պիտի հետևեն նրան: Բայց քանի որ Հայաստանում առկա են ֆինանսական գործոններ, այստեղ ցանկանում են պահպանել այդ աղանդը»,-նշեց Ալեքսանդր Ամարյանը:

 

Ամարյանի համոզմամբ, «Կյանքի խոսքը» միայն Հայաստանում 22, 5 հազար հետևորդ ունի, ինչպես նաև բազմաթիվ շինություններ, հեռուստաընկերություն, տպարան, որոնք լուծարման դեպքում խնդիրներ կառաջացնեն: «Մեծ գումարներ են ներդրված: Եթե կառույցը գնա ինքնալուծարման, իր բոլոր ենթակառույցները կանցնեն պետությանը: Եթե «Կյանքի խոսք»-ի հիմնադիրն ասում է' սխալ ենք, ապա պետք է նաև Հայաստանում կասեցնել գործընթացը կամ պետք է վերագրանցվեն այլ գաղափարներով»,-ընդգծեց Ամարյանը:

 

Ամարյանը վերհիշեց, որ ժամանակին խոսք կար, թե «Կյանքի խոսք»-ն ստեղծել են կաթոլիկները, որը նրանց ձեռքի տակի կառույց էր: «Կաթոլիկ եկեղեցին շատ լավ է աշխատել Ուլֆ Էկմանի վրա»,-փաստեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոն»-ի ղեկավարը:

 

Ամարյանի համոզմամբ, ճգնաժամում հայտնված մարդն է ենթարկվում հոգեորսության: Ցավում է, որ Հայաստանում չունենք կրոնական կառույցներով զբաղվող ինչ-որ կառույց:

 

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոն»-ի ղեկավարի պնդմամբ, բոլոր աղանդավորական կառույցները ղեկավարում է մի աղբյուր: «Բոլորի հիմքը նեոհիսունականներն են: Մոտ 400 նման կառույց կա: Աղանդից աղանդ է դուրս գալիս: Եթե մեկը փակվում է, մյուները շարունակում են աշխատել»,-նշեց Ամարյանը:

 

Բացի այդ, բանախոսը նշեց, որ վերջերս ակտիվացել են Եհովայի վկաները, ովքեր սկսել են ներթափանցել պետական մարմիններ, իրավական ոլորտ: «Եհովայի վկաներ կան մանկավարժների շրջանում' դասավանդում են անգամ Հայոց եկեղեցու պատմություն առարկան»,- հավելեց Ամարյանը:

 

Մարտի 9-ին «Կյանքի խոսք» եկեղեցու հիմնադիր-առաջնորդ Ուլֆ Էկմանը պաշտոնապես հայտարարել է, որ «Կյանքի խոսք»-ը դառնում է կաթոլիկ եկեղեցու հետևորդ: Էկմանը հրաժարվել է իր իսկ հիմնադրած ուղղությունից' վերադառնալով կաթոլիկ եկեղեցու գիրկը: Աղանդի հետևորդների շրջանում մեծ իրարարանցումը շարունակվում է: