Ինչպես մեր պատմական բոլոր հերոսների, այնպես էլ Նժդեհի պարագայում մենք փորձում ենք ոչ թե վերլուծել և հասկանալ վերջինիս, այլ նրան զմռսել <<ժամանակակից հայրենասիրական>> կլիշեների մեջ: Տարօրինակ է, բայց անկախության և ազատության համար պայքարող Նժդեհի մասին, եթե փորձես պաշտոնականից անկախ և ազատ միտք արտահայտել, քեզ վրա միանգամից հաձակվում է <<նժդեհասերների>> կուռ և կատաղած բանակը:

Նժդեհի ռազմական արվեստը, որի արդյունքում փրկվեց Լեռնահայաստանը, հիացմուքի է արժանի: Բայց վերջինիս գաղափարական մասը՝հատկապես ցեղակրոնությունը, 21-րդ դարում մեղմ ասած անընդունելի է: Ցանկացած մարդ, ով ծանոթ է ֆաշիստական գաղափարախոսությանը և կարդացել է Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը», «Չարից և բարուց անդին», «Չաստվածների մթնշաղը» գրքերը առանց մեծ ջանքերի կնկատի, որ Նժդեհի շատ մտքեր ոչ միայն գրվել են դրանց ազդեցությամբ, այլև ուղղակի վերցված են այնտեղից:

Եվ որքան էլ ես համոզված եմ, որ այդ մտքերը այսօր ոչ միայն ժամանակվրեպ են, այլև վտանգավոր մեզ համար, շատ ավելի համոզված եմ, որ դրանք դույզն ինչ չեն նսեմացնում Նժդեհի վառ, հերոսական և ողբերգական կերպարը: Որովհետև այդ ամենը անհրաժեշտ է նայել այն ժամանակվա ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնտեքստում:

Իսկ այսօր Նժդեհին վարկաբեկողների պակաս չկա: Նժդեհյան գաղափարախոսությունը կրող, կուսակցական զնաչոկները նույնիսկ գիշերանոցներին փակցրած,անսկզբունք երիտկարիերիստները, Լեռնահայաստանի երկու սյուները, գողական մարզպետը և գաղափարակիր Խաչիկ Ասրյանը , որ Նժդեհից թխել է եռամիասնության գաղափարը և քծնանքի համար ավելացրել նախագահին՝ իրեն պատկերացնելով ժամանակակից Նժդեհ: Կլիպմեյքերը, որ տաղտկալի կլիպեր նկարելուց հետո անցել է Նժդեհի մասին ֆիլմ նկարելուն: Եվ վերջիվերջո, մենք բոլորս մեր հարմարվողականությամբ և օտարվածությամբ հայրենիքից:

Սյունակում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ոչ միայն Ejournal-ի,
այլև Հայաստանի իշխանական և ընդդիմադիր գրաքննիչների տեսակետին:
Ինչ արած:

Պետրոս Ղազարյան