«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ոչ թե գնել է «Երևան» հեռուստաընկերությունը, այլ այն գնած ընկերության բաժնետերերից մեկն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը' տեղեկացնելով, որ երկարատև բանակցություններից հետո հեռուստաընկերությունը ձեռք է բերվել հայ-ռուսական ընկերության կողմից: Թե բաժնեմասերի քանի տոկոսն է պատկանում ՕԵԿ նախագահին, Միսակյանը չմանրամասնեց: Նա նշեց, որ առաջիկայում «Երևան»-ը կհամալրվի ժամանակակից սարքավորումներով և աշխատանքը կշարունակի բնակոնոն հունով: Միսակյանը նշեց, որ առաջիկայում կտրվեն լրացուցիչ տեղեկություններ, իսկ այն, որ նշվում է, թե «Երևանը» գնվել է Արթուր Բաղդասարյանի կողմից, լիարժեք չի արտացոլում իրականությունը:
«Երևան» հեռուստաընկերությունը ստեղծվել է 2000 թվականին: Հեռուստաընկերության հաղորդումների թվին են դասվում «Իմ Երևան», «Բարի երեկո, Երևան», «Երկիր Նաիրի», «Ներշնչանք», «Սիրված երգեր», «Սպորտ +», «Առողջարան», «Ծննդավայր» հաղորդումները, «2ПР», «Քայլ առաջ», «Դիպված» թոք-շոուները: Այժմ «Երևան» հեռուստաընկերությունը գործում է որպես մայրաքաղաքային երիտասարդական ալիք: Հեռուստաընկերության նախագահն է Վարշամ Ղարիբյանը, գլխավոր տնօրենը Ալբերտ Շահբազյանը: